News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում այսօր՝ փետրվարի 13-ին, Արարատյան Հայարպետական թեմը «տրընդեզի» խարույկ է վառել: Տոնի գլխավոր մասնակիցները պատանիներն ու աղջիկներն էին եւ նորապսակները, մասնակից երիտասարդները, հավատալով, որ  կրակի վրայից ցատկելով սեր կգտնեն, իսկ նորապսակները՝ ընտանիքն ամուր լինելու երազանքով (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ Տեառնընդառաջը նորապսակներին նվիրված տոն է: Նախապես Տեառնընդառաջը հեթանոսական տոն է եղել եւ կոչվել է «Տրնդեզ»:  Որոշ մասնագետներ կարծում են, որ Տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ: Երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, փոխվեց նաեւ տոնի անվանումն ու էությունը:

Տոնի գլխավոր բաղադրիչներից է խարույկը, որի վրայով ցատկում են սիրահարված զույգերը: Համարվում է, որ եթե նրանք կարողանան ցատկել՝ առանց ձեռքերը բաժանելու, ապա ընտանիքն ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ: Նրանց հետեւից խարույկի վրայով ցատկում են երեխա չունեցող կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի հղիանալ: Վերջում բոլորը ձեռք-ձեռքի շուրջպար են բռնում:

Հեթանոսական ավանդությամբ տոնը խորհրդանշել է Վահագն աստծու ծնունդը, երբ երկունքը տեւել է քառասուն օր: Վահագնի ծնունդը տեղի է ունեցել բոցերի մեջ, որոնցից քուրմը կրակ է վերցրել եւ հեթանոս համայնքի համար խարույկ վառել: Խարույկի շուրջ հեթանոսների տոնակատարության ժամանակ նորահարսները թռչում են կրակի վրայով՝ Վահագնի նման արու զավակներ ծնելու ունակություն ձեռք բերելու ակնկալիքով:

Մեկ այլ վարկածով՝ տոնը նվիրված է եղել Միհր աստծուն եւ կապված է կրակի պաշտամունքի հետ: Տոնի նպատակն է եղել կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա եւ հմայական ճանապարհով ուժեղացնել արեւի ջերմությունը: Տրնդեզն այսօր էլ որոշ վայրերում դեռեւս ընկալվում է պապերից ժառանգված բաղադրիչներով: Ժողովրդական ավանդության մեջ Հայաստանի որոշ վայրերում պահպանվել է նաեւ այն ծեսը, երբ չբեր կանայք, այրելով իրենց զգեստի քղանցքը, ակնկալել են պտղաբերություն: Իսկ չբեր կանանցից հետո կրակի վրայով թռել են երիտասարդները, տղամարդիկ՝ չարից եւ անեծքից ազատվելու համար, իսկ վերջում՝ երեխաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ