News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահ չէ, որ 250 հղիները, որոնք Շուշանիկ Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդում դադարեցնելու պահանջով դիմել են Գլխավոր դատախազին, հենց բժշկուհու հաշվառման մեջ են գտնվում:

«Վստա ՞հ եք, որ բոլորն իր վարման հղիներն են, նո ՞ ւյն ժամանակահատվածում: Ես չեմ կարող ասել` նույն ժամանակահատվածի կամ առհասարակ իր հղիներն են, թե չէ: Դա իրենց սահմանադրական իրավունքն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարը:

Նշենք, որ Երևան քաղաքի տարածքում գործող բժշկական կազմակերպություններում, հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների մանկաբարձ-գիեկոլոգի կողմից, համատեղության կարգով, կանանց կոնսուլտացիայում հղիության նախածննդյան իրականացման դեպքում, վերջիններիս կողմից միաժամանակ սպասարկվող հղիների օպտիմալ թիվը պետք է կազմի 30, առավելագույնը` 40:

ՀՀ առողջապահության նախարարի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման չափորոշիչը հաստատելու մասին N 77-Ն» հրամանը, համաձայն որի` կանանց կոնսուլտացիայում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու կողմից միաժամանակ սպասարկող /ամսեկան միջին/ հղիների օպտիմալ թիվը պետք է կազմի 60, իսկ առավելագույնը` 80:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երկու հարյուրից ավելի հիվանդներ ու հղի կանայք պահանջում են դադարեցնել քրեական հետապնդումը ծննդկան Մերի Մարգարյանի մահվան համար մեղադրվող, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: 250 հղիներն ու հիվանդներ այս պահանջով դիմում են ուղարկել Գլխավոր դատախազություն եւ Քննչական կոմիտե:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տպել
Ամենաշատ