News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կողմից Սիրիայի գնդակոծությունն ահաբեկչական խմբավորումներին ուղղակի աջակցություն է: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, այս մասին ասված է Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում:

Սիրիական ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում կատարել խաղաղության եւ անվտանգության շուրջ պարտավորություններն ու  անհապաղ վերջ դնել թուրքական ռեժիմի բոլոր հանցագործություններին:

Դամասկոսը նույնպիսի ուղերձներ է հղել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի նախագահին:

«Շաբաթ՝ 2016 թվականի փետրվարի 13-ին, օրվա երկրորդ կեսին Թուրքիայի ծանր հրետանին թուրքական տարածքից հարվածներ է հասցրել սիրիական քրդերի բնակության վայրերի եւ Սիրիական Արաբական բանակի դիրքերի, ինչպես նաեւ Մարանազ, Ալ-Մալքիա, Մինգ, Այն-Դաքնա Բազի եւ Բագ բնակավայրերի ուղղությամբ:

«Նույն օրը թուրք-սիրիական սահմանի Բաբ աս-Սալյամ անցակետով երկիր է թափանցել 12 ավտոմեքենա՝ 14.5 մմ տրամաչափի ականանետերով, որոնցում շուրջ 100 զինյալ է եղել: Ենթադրաբար, նրանց մեծ մասը թուրք զինծառայողներ եւ վարձկաններ են»,- նշված է ուղերձներում:

Հայտարարության համաձայն, Սիրիայի Ազզազ շրջանում թուրք-սիրիական սահմանի Բաբ աս-Սալյամ անցակետով մինչեւ հիմա զենք ու զինամթերք է մատակարարվում Թուրքիայից:

«Թուրքական հարձակումը համընկավ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարության հետ, որը հավանական էր համարել իր երկրի աղաղակող միջամտությունը Սիրիայի ներքին գործերին, ինչպես նաեւ «Ջեբհաթ ան-Նուսրա», «Ջեբհա աշ-Շամիա», «Ահրար աշ-Շամ» եւ «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող ահաբեկչական այլ խմբավորումներին աջակցության հետ: Այդ հայտարարությունն Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական բանաձեւերի մտածված խախտումների պաշտոնական խոստովանություն է»,- ասված է հայտարարությունում:

Ըստ Սիրիայի ԱԳՆ-ի, Անկարայի այդպիսի գործողությունները հանգեցրին Ժնեւի բանակցությունների ընդհատմանը, եւ Թուրքիան փորձում է խափանել դրանց վերսկսումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ