News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեխաների ճիշտ դաստիարակության, նրաց հոգեբանության եւ վարքի վրա մեծ ազդեցություն կարող են ունենալ մուլտֆիլմերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Մարինե Մարտիրոսյանը` նշելով, որ ծնողները երեխաներին զբաղեցնելու համար համակարգչով կամ հեռուստացույցով ինչ-որ մուլտֆիլմ չպետք է միացնեն եւ թույլ տան նրանց այն ժամերով դիտել:

«21-րդ դարն այնպիսի ժամանակաշրջան է, որ համարյա բոլորի ընտանիքներում կան համակարգիչներ եւ հեռախոսներ: Անգամ վաղ հասակում ծնողները երեխաներին գրկած մոտենում են համակարգչին, նրանց նստեցնում համակարգչի դիմաց եւ փորձում երեխային էկարնի վրա շարժվող պատկերների միջոցով զբաղեցնել, իսկ իրենք իրենց գործն են անում: Առաջին հայացքից կարող ենք ասել, թե հեշտացել է մայրիկների գործը, մուլտֆիլմը դնում է եւ երեխան նայում է այն, իսկ ինքը կարողանում է իր գործն անել: Բայց այստեղ առաջին հերթին տուժում է ծնող-երեխա փոխհարաբերությունը, միջանձնային հարաբերությունները, երեխան հնարավորություն չի ունենում արտահայտել իր էմոցիաները: Շատ ծնողներ գիտեմ, որ նախընտրում են երեխային մանկապարտեզ տանելու փոխարեն համակարգչով կամ հեռուստացույցով ապահովել նրանց զբաղվածությունը»,-ասաց հոգեբանը:

Մարինե Մարտիորսյանը նշեց, որ ծնողները պետք է երեխայի համար ընտրեն ճիշտ մուլտֆիլմ, այն դիտելիս լինեն նրա կողքին եւ վերջում այդ մուլտֆիլմը քննարկեն  երեխայի հետ:

«Յուրաքանչյուր մուլտֆիլմ ունի իր եւ լավ, եւ վատ կողմերը, երեխաները հիմնականում մուլտֆիլմերի բացասական հերոսներին են ընդօրինակում, ինչի հետեւանքով էլ ունենում են ագրեսիվ վարք, դառնում անկառավարելի: Այնուհետեւ այդ ագրեսիան ոչ միայն վարքային, այլեւ վերբալ ձեւով է սկսում արտահայտվել, քանի որ այդ մուլտֆիլմերում կան բացասական նշանակությամբ բառեր, որոնք երեխան սկսում է առօրյայում օգտագործել: Պետք է ծնողն ընտրի երեխայի համար մուլտֆիլմը, քանի որ ոչ բոլոր մուլտֆիլմերն են թույլատրելի նրանց համար: Ռուսական մուլտֆիիլմերը մինչեւ 90-ական թ., շատ դաստիարակչական, մանկավարժական ազդեցություն ունեին, բայց այժմ փոխվել է ամեն ինչ»,-ասաց նա:

Հոգեբանը խորհուրդ տվեց այն ծնողներին, որոնք չգիտեն, թե որ մուլտֆիլմերն են թույլատրելի իրենց երեխաների համար եւ որոնք ոչ, անպայման խորհրդակցել մասնագետների հետ, նոր երեխային թույլ տալ այն դիտել` իրենց երխային չվնասելու համար, իսկ երեխաների զբաղվածությունն ապահովելու համար  ընտրել այլ տարբերակ` նրանց  ուղարկել ինչ-որ խմբակների, սպորտի կամ գեղագիտական դաստիրակությանը նպաստող որեւէ դասընթացի:

«Երեխայի ճիշտ դաստիարակությունը ծնողների ձեռքերում է, նրանք պետք է վերահսկեն իրենց երեխաներին: Եթե երեխան մանկահասակ է եւ միայն տանն է լինում, պետք է ընտանիքի անդամենրը վերահսկողություն սահմանեն, իրենք ընտրեն, թե ինչ դիտի երեխան: Իսկ, եթե երախան գնում է դպրոց, կամ էլ մանկապարտեզ, պետք է նաեւ մանկավարժների կողմից վերահսկողություն սահմանվի: Դպրոցներում եւս պետք է երեխաների, նրանց ծնողների հետ այս հարցերը քննարկվեն»,-ասաց հոգեբանը:

Տպել
Ամենաշատ