News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում շարունակաբար դիտվող եւ առաջիկայում կանխատեսվող բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել որոշակի շտկումներ կատարել գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամկետների եւ նախատեսվող ագրոտեխնիկական միջոցառումների ցանկում:

Գյուղնախարարությունն, այս առթիվ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Ներկայումս` նաեւ գիշերային ժամերին գրանցվող բարձր ջերմաստիճանի արդյունքում Արարատյան հարթավայրում, հյուսիս-արեւելքում, Մեղրու տարածաշրջանում,Վայոց ձորի եւ նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում պտղատու ծառատեսակների (հատկապես կորիզավոր) մոտ սկսել է հյութաշարժությունը, եւ ընթանում են ակտիվ կենսական պրոցեսներ: Մեղրու ցածրադիր հատվածներում ծաղկել է ծիրանենին, հյուսիս-արեւելքում` հոնենին, Արարատյան դաշտում մինչեւ մարտի 15-ը սպասվում է ծիրանենու մասայական ծաղկումը:

Նշված պայմաններում անհրաժեշտ է արագ ավարտել կորիզավորների էտը, ծառերի բների մշակումը կրակաթի լուծույթով (բների սպիտակեցում), սնկային հիվանդությունների դեմ բուժումը պղինձ պարունակող պատրաստուկներով: Պետք է արագացնել այգեբացը, քանի որ հողում ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում աչքերը կարող են վնասվել: Անհրաժեշտ է բացել վազերի բունը եւ սկսել էտն ու ձեւավորումը: Խաղողի վազերի էտը Արարատյան դաշտում ցանկալի է ավարտել մինչեւ մարտի 20-ը:

Խորհուրդ է տրվում պտղատու եւ խաղողի այգիների էտից առաջացած թափուկն ու բուսական մնացորդները կուտակել այգու մերձակա հատվածներում` հետագա հնարավոր ցրտահարությունների դեպքում ծխակույտերի պատրաստման համար օգտագործելու նպատակով:

Վաղահաս կարտոֆիլի տունկը Արարատյան դաշտում նպատակահարմար է կատարել մարտի 5-ից մինչեւ 20-ը: Մասնագետները խորհուրդ են տալիս պալարների տնկումը կատարել առնվազն 14-16սմ խորությամբ (ընդունված 10-12 սմ-ի փոխարեն), նկատի ունենալով, որ հողի ավելի խորը շերտերում ջերմաստիճանն անհամեմատ ցածր է, եւ ծլումը որոշ չափով կուշանա, իսկ հաստ հողաշերտը ծիլը կարող է հաղթահարել մի փոքր ավելի ուշ ժամկետում: Եթե հետագայում կարտոֆիլի ծիլերը մոտենան հողի մակերեւույթին եւ առկա լինի ցրտահարության վտանգ, ապա փոքր տարածքների վրա կարելի է ձեռքի գործիքներով պալարները մի քանի սանտիմետր լրացուցիչ հողաշերտով ծածկել, իսկ մեծ հողակտորների վրա` կուլտիվատորի միջոցով, բուկլիցի թաթիկներով թմբերը զգուշությամբ (տրակտորի դանդաղ ընթացքով) ծածկել 2-4 սմ հողաշերտով:

Արարատյան հարթավայրի պայմաններում սմբուկի (բադրիջան), տաքդեղի ցանքը արեւային ջերմոցներում պետք է կատարել մարտի 1-10-ը, լոլիկինը` մարտի 5-15-ը, իսկ սածիլումը բաց դաշտում` ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 10-ը:

Նախալեռնային գոտում ջերմոցներում սմբուկի, տաքդեղի ցանքը պետք է կատարել մարտի 20-ից մինչեւ ապրիլի առաջին տասնօրյակը, լոլիկինը` ապրիլի առաջին տասնօրյակում, իսկ սածիլումը բաց դաշտում` հունիսի 1-ից մինչեւ 15-ը:

Պետք է նկատի ունենալ, որ օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում սերմերի ծլարձակումը արեւային ջերմոցներում հնարավոր է սովորականից ավելի վաղ դիտվի, եւ ժամանակին օդափոխություն չապահովելու դեպքում ծիլերը կարող են վնասվել:

Ներկայումս նախարարության մասնագետների կողմից հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են մշտադիտարկումներ ջերմաստիճանային ռեժիմի եւ բույսերի աճի ու զարգացման փուլերի ընթացքի վերաբերյալ: Կատարված ուսումնասիրությունների, դիտարկումների, վերլուծությունների արդյունքների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, գյուղացիական տնտեսություններին կտրվեն համապատասխան մասնագիտական խորհուրդներ եւ ցուցումներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ