News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել Թուրքիայի հետ պայմանագրի չեղարկման մասին նախաձեռնության առիթով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեցին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Օրերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, իբր, ԱԳՆ-ի հայտարարության մասին, որի տեքստում նշվում էր, որ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հնարավոր չի համարում Եղբայրության եւ բարեկամության մասին 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումը:

Ըստ rusarminfo.ru-ի, որպես իր դիրքորոշման հիմնավորում ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ միջազգային պրակտիկայում պետությունների միջեւ սահմանների հաստատման խաղաղության պայմանագրերը չեղարկման ենթակա չեն: «Հաշվի առնելով սա՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Թուրքիայի պետական սահմանները, ինչպես նաեւ այդ պետությունների առաձին տարածքների կարգավիճակը որոշող Պայմանագրի չեղյալ հայտարարումը հակասում է այդ սկզբունքներին (միջազգային պրակտիկայի սկզբունքներին - խմբ.)»,- ասված է ՌԴ ԱԳՆ եզրակացությունում:

Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ին ուղղված հարցման՝ այստեղ պարզաբանեցին, որ որեւէ պաշտոնական հայտարարություն, բացի ընթացիկ տարվա փետրվարի 10-ին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության, չի եղել: Իսկ լրատվամիջոցներում հրապարակվել է այս առաջարկության նախաձեռնողների կողմից փոխանցված փաստաթուղթը:

Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը (երկուսն էլ՝ ՌԴԿԿ-ից) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ԱԳ նախարար Սերգեյ ԼԱվրովին առաջարկ էին ուղարկել 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու մասին: Իրենց նամակում պատգամավորները մատնանշել էին Թուրքիայի ագրեսիվ պահվածքը: Մոսկվայի պայմանագրով Թուրքիային է փոխանցվել Հայաստանի տարածքների զգալի մասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ