News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում գործող ռուսական բուհերը մեծացնում են միջբուհական  մրցակցության  մակարդակը՝ միաժամանակ նպաստելով որակի բարձրացմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ մեր բարեկամական հարաբերություններն իրենց արտացոլումն են գտել նաեւ կրթության ոլորտում: «Մեր հանրապետության բուհական համակարգում ավելի քան մեկ տասնամյակ գործող Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը կարեւոր դեր ունի, իսկ մեկ տարուց ավելի է, ինչ գործում է նաեւ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը, որը, անշուշտ, նոր հնարավորություն է մեր ուսանողների համար եւ մեծացնում է միջբուհական  մրցակցության  մակարդակը՝ միաժամանակ նպաստելով որակի բարձրացմանը»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ  հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման եւ փոխհամաձայնեցման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը մտադրություն են հայտնել վերանայել երկու պետությունների կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ կնքված համաձայնագիրը, որն էլ իր հերթին խթան կհանդիսանա կրթության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:

Նախարար Լ. Մկրտչյանն առաջարկել է վերականգնել նաեւ գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական եւ տեխնիկական գիտությունների վրա:

Հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով` ՀՀ ԿԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստանում ընդունել Ռուսաստանի Դաշնության կրթության եւ գիտության նախարարին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ռուսաց լեզվի խորացված ուսուցման, դպրոցների միջեւ համագործակցության, ՌԴ բուհերում կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ