News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, եւ արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, հայ արգենտինական համագործակցությանը նվիրված խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խորհրդակցությանը հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաեւ առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-արգենտինյան հարաբերություններին, նշել է, որ դրանք ավանդաբար բարեկամական են եղել, եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերություններն արագ վերաճեցին բարեկամական միջպետական հարաբերությունների: Հայաստանը եւ Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները բացեցին միմյանց մայրաքաղաքներում եւ սկսեցին խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլն: Ըստ Նախագահի, այդ հարաբերություններն ամրապնդվեցին երեք տասնյակից ավելի համաձայնագրերով: «Իհարկե, յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատկություններ, ունեն լոկոմոտիվներ, եւ Արգենտինայի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը պայմանավորված է այդ երկրում գործող կենսունակ համայնքի առկայությամբ: Միայն Էդուարդո Էռնեկյանի շնորհակալ եւ ակտիվ գործունեության շնորհիվ մեր առեւտրատնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են լավ մակարդակի վրա, դրանք մշտապես աճ են արձանագրում: Թեեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա: Անշուշտ, շատ կարեւոր է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, եւ արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Ես պետք է ուրախությամբ նշեմ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործունեության մասին, որն իրականացնելով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը, «Զվարթնոց» օդանավակայանը դարձրեց միջազգային չափանիշներին համապատասխանող: Օտարերկրացիների մեծ մասը՝ մուտք գործելով Հայաստան, հենց «Զվարթնոց» օդանավակայանում առաջին դրական տպավորություններն են ստանում: Այս օդանավակայանն առաջին այցեքարտն է դեպի Հայաստան:

Շատ կարեւոր է գյուղատնտեսության ոլորտում գործող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությունը Հայաստանում: Այստեղ խոսքը գնում է նաեւ այգեգործության, մասնավորապես՝ խաղողագործության ոլորտում Հայաստան նոր, առաջատար մշակույթի ներմուծման մասին: «Կարաս» գինու գործարանի արտադրանքն արդեն ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս, եւ այս երկու ընկերությունները, իհարկե, նոր ուղի են բացում հայկական գինեգործության համար: Կարծում եմ, որ այս ընկերությունները կարող են նաեւ խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար: Ոչ միայն արտերկրից ժամանած զբոսաշրջիկների, այլ նաեւ ներքին զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, գեղեցիկ այգիներն այցելության հետաքրքիր վայրեր են:

Մյուս հաջող օրինակը «Կոնվերս բանկի» գործունեությունն է, որը մեր ֆինանսական շուկայում մշտապես նոր ծառայություններ է առաջարկում, նոր գործիքներ օգտագործում եւ սրանով նաեւ խթանում է մրցակցությունը բանկային ոլորտում:

Շատ խոստումնալից կարող է լինել «Տանգո» ընկերության մուտքը հայկական շուկա, որը գործունեություն է ծավալելու զբոսաշրջության եւ հյուրանոցաշինության ոլորտում: Վստահ եմ, որ այս ընկերությունն էլ հաջողություններ է գրանցելու:

Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք արգենտինահայ գործարարների եւ, ընդհանրապես, արգենտինացիների գործունեությունն ուղղենք դեպի երրորդ երկրներ, նրանց ուշադրությունը հրավիրենք Հայաստանի հնարավորությունների վրա՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ: Կարծում եմ, այստեղ Հայաստանը կարող է շատ լավ հարթակ եւ հանգրավանային կետ հանդիսանալ: Այս ուղղությամբ պետք է աշխատանքներն ակտիվացնել:

Հայտնի է, որ մոտ ժամանակներս հանդիպում եմ ունենալու Արգենտինայի Նախագահի հետ, եւ այս առումով կցանկանայի լսել առաջարկություններ, թե ի՞նչ թեմաների շուրջ կառուցենք մեր զրույցը, ինչո՞վ կարող է Արգենտինայի Նախագահն օժանդակել մեր միջպետական հարաբերություններին:

Պարոն դեսպան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք համատեղության կարգով դեսպան եք Չիլիում եւ Ուրուգվայում, եւ այդ երկրների հետ էլ մենք ունենք յուրահատուկ հարաբերություններ, կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք է կատարվում դեպի Հայաստան ներդրումներ ապահովելու գործում»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Դեսպան Ալեքսան Հարությունյանը ներկայացրել է համագործակցության այն հեռանկարային եւ փոխշահավետ ոլորտները, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու պարագայում, լիարժեքորեն կօգտագործվի հայ-արգենտինյան հարաբերությունների առկա ներուժը՝ ավելի մեծացնելով երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալները:

«Կարծում եմ, որ առաջիկայում հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւոր դեր կարող են ունենալ Արգենտինայի նորընտիր Նախագահի հետ Հայաստանի Նախագահի արդեն ձեւավորված լավ հարաբերությունները, որոնց հիմքը դրվեց Արգենտինա Ձեր այցի ժամանակ, պարոն Նախագահ: Տեղի ունեցած բավականին ջերմ զրույցի ընթացքում Դուք նրան առաջարկեցիք ընտրվելուց հետո այցելել Հայաստան, եւ մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում մենք այդ այցելությունը կկարողանանք կազմակերպել, որը կարող է զգալիորեն ակտիվացնել երկկողմ հարաբերությունները, որովհետեւ պարոն Մաուրիսիո Մակրին նախընտրական շրջանում ինքն ասաց, թե ուզում է Հայաստան այցելել եւ ոչ միայն բարեկամ ժողովրդի մոտ, այլ որպեսզի դրանից հետո շատ նոր դրական փոփոխություններ կատարվեն: Դրանք դեռեւս մինչ ընտրությունը՝ քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ նրա խոսքերն են: Պարոն Նախագահ, Դուք նշեցիք այն ուղղությունները, որոնք համագործակցության շատ լավ ասպարեզ կարող են լինել»,-ասել է Արգենտինայում ՀՀ դեսպանը եւ զեկուցել Արգենտինայի, Չիլիի եւ Ուրուգվայի ղեկավարության հետ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները:

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են նաեւ միջխորհրդարանական եւ միջկառավարական ձեւաչափերով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների եւ ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին եւ համապատասխան գերատեսչություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ