Հայաստանի հավաքականին հեշտ չի լինելու Բելառուսի հետ ընկերական խաղում: Այս մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նշել է Բելառուսի հավաքականի նախկին մարզիչ Գեորգի Կոնդրատեւը՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 25-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպմանը:
Նշենք, որ Կոնդրատեւը Բելառուսի հավաքականի մարզիչն է եղել այն ժամանակ, երբ 2012 թվականին Երեւանում Բելառուսի ընտրանին 1:2 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին:
Պարոն Կոնդրատեւ, ի՞նչ կասեք Բելառուսի հավաքականի ներկայիս վիճակի եւ նրանց հնարավորությունների մասին:
Ինձ դժվար է խոսել հավաքականի մասին: Ինքս մեկ տարի առաջ նրա մարզիչն էի: Չեմ ցանկանա գնահատական տալ, բայց թիմը լավ պոտենցիալ ունի: Մի քանի ֆուտբոլիստներ 30-ն անց են արդեն, մյուսները ՝24-29 տարեկան են: Շատերը հանդես են գալիս արտերկրում: Կարծում եմ՝ ձեր թիմին հեշտ չի լինի:
Բելառուսի կազմում բացակայում են Գլեբը, Պուտիլոն, Բորդաչեւը եւ Ստասեւիչը: Որքանո՞վ է նրանց բացակայությունը մեծ կորուստ թիմի համար:
Պուտիլոն վաղուց թիմում չի խաղում: Նա մշտապես վնասվածքներ ունի: Վերջին խաղերում չէր խաղում, եւ թիմակիցները առանց նրա լավ խաղացին: Գլեբը նույնպես առաջատար ֆուտբոլիստ չէ թիմում: Անունով այո, բայց դաշտում օգտակար բաներ քիչ է անում: Իսկ Ստասեւիչի ու Բորդաչեւի բացակայությունը մեծ կորուստ է: Բայց Բորդաչեւին կարող է փոխարինել Մաքսիմ Վոլոդկոն:
Դուք Բելառուսի հավաքականի մարզիչն էիք, երբ այստեղ հաղթեցիք հայերին: Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին:
Այժմ հետեւում եմ այն տղաների խաղին, որոնք հանդես էին գալիս մեր դեմ այն ժամանակ: Հիմա ձեր թիմում անկում է նկատվում, բայց դե առաջատարները կան՝ Մովսիսյանը, Մխթարյանը, որի խաղին ես հետեւում եմ: Թիմերը գրեթե հավասարազոր են: Չորս տարի առաջ մենք հաղթեցինք, քանի որ բախտներս բերեց ինչ-որ տեղ: Հավասար խաղ էր ընթանում: Դուք լավ պահեր ունեինք, բայց մենք ավելի հաջողակ էինք:
Կանխազգացում կա՞, թե որ թիմը կհաղթի:
Կհաղթի նա, ում բախտը կբերի ավելի շատ: Գուցե եւ ոչ-ոքի գրանցվի: