News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է նյութեր հրապարակել 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վերապրածները» նախագծի շրջանակում:

«Վերապրածներն» իրենց մանկությունն ու հայրենիքը կորցրած սովորական մարդկանց պատմություններն են։

«Վերապրածները» 100 տարվա ցավն ու հիշողությունն է, փոխհատուցման 100 տարվա սպասումը։

«Վերապրածներն» այն մարդկանց օրեցօր նոսրացող խումբն է, որոնք չեն կորցնում ճանաչման հույսը՝ իրենց ցավի ճանաչման հույսը:

«Վերապրածները» 104-ամյա Խազալ Ամոյանն է:

Խազալ Ամոյանը մեզ դիմավորեց հյուրասենյակի կենտրոնում կանգնած: Նրա տեսքն այնպիսի ուժ եւ վստահություն էր ճառագում, որ աջ ձեռքում բռնած ձեռնափայտը նրա կերպարի պատահական տարր թվաց:

Ասում է՝ տոկունությունն ու կենսուրախությունն այն երկու հատկանիշներն են, առանց որոնց չէր կարողանա հաղթահարել իր ընտանիքին բաժին հասած դժվարությունները:

- Տարիների հետ շատ բան արդեն մոռացվել է, բայց լինում են պահեր, երբ աչքիս առջեւ անցյալի պատկերներ են վեր հառնում. տեսնում եմ իմ տունը, քույրերիս ու եղբայրներիս, գետը՝ սեւ ջրերով... լքված տները, կեղտը, փոշին, ճամփաներ, ճամփաներ, ճամփաներ...

- Որտե՞ղ եք ծնվել,- ընդհատում եմ Խազալ տատին՝ խնդրելով վերադառնալ պատմության սկզբին:

- Մտքերս խառնվում են, բայց կփորձեմ,- պատասխանում է նա:

Խազալը լույս աշխարհ է եկել 1912 թվականի մարտի 12-ին, Տրապիզոնի վիլայեթի Շապին-Գարահիսար քաղաքում: Զինե եւ Օզման Օզմանյանների ընտանիքում 11 երեխա կար:

- 6 եղբայր ունեի՝ Օմարը, Զորբեն, Լեզգին, Հասանը, Մրազը, Չարկազը, եւ 4 քույր՝ Նաբաթը, Զեյթունը, Վալգեն եւ Չիլեն: Մենք շատ համերաշխ էինք, սարի պես կանգնած էին միմյանց թիկունքին:

Շրջանակով լուսանկարում՝ Զինե եւ Օզման Օզմայաններ

Փախուստի մանրամասները տատիկը չի հիշում: Ասում է՝ 4-5 տարեկան էր:

- Հիշում եմ սենյակից սենյակ վազքը, ինչպես էր մայրս ուտելիք դնում կողովը, իսկ հետո դուրս եկանք տանից:

Ինչպես բազմաթիվ հայեր՝ Օզմանյաններն էլ ուղղվեցին դեպի Արաքս գետը՝ Արեւելյան Հայաստան անցնելու համար: Խազալ տատն ասում է՝ թուրքական իշխանությունները գիտեին, որ փրկված հայերն Արաքսի ուղղությամբ են փախչում, այդ պատճառով հաճախ գետի ափին սպասում էին նրանց:

- Վտանգավոր ճանապարհ էր: Բայց այլ ելք ունեի՞նք,- փորձում է ցավը թաքցնել տատը, բայց աչքերը հանկարծ արցունքով են լցվում:

Արաքս գետի ափին հարյուրավոր այլանդակված մարմիններ են մնում, նրանց թվում նաեւ Խազալի երկու եղբայրների դիակները՝ հարազատ Հասանի եւ զարմիկ Ուսէի:

- Մենք արդեն գրեթե ափ էինք հասնում, երբ թուրքերը հարձակվեցին մեզ վրա: Նրանք սպանում էին ե՛ւ հայերին, ե՛ւ եզդիներին՝ առանց տարբերության:

Օզմանյանները հաստատվում են Սարդարապատ քաղաքում: 1937 թվականին Խազալն ամուսնանում է Խարո Ամոյանի հետ եւ բնակություն հաստատում Հայկական ՍՍՀ-ի Թալինի շրջանի Սուրիկ գյուղում: Շուտով ընտանիքում դուստր է ծնվում՝ Խարիբը:

Դեռ նոր-նոր երջանկության հանդեպ արթնացած հույսը նորից է կորչում. Երկրորդ համաշխարհայինը Խազալից տանում է Խարոյին:

- Այդպես էլ չիմացա, թե նրա հետ ինչ եղավ: Ասում են՝ անհետ կորավ:

Երկրորդ անգամ Խազալն ամուսնանում է արդեն 35 տարեկանում: Մգե Նաբոյանի հետ ամուսնությունից 9 երեխա է ծնվում՝ Խաթունը, Մրազը, Արթունը, Մերալին, Հերիքը, Ֆրիկը, Աթամը, Քուբարը, Ժորան:

Մգե Նաբոյանը վախճանվում է 2000 թվականին: Մոր հոգսն իր վրա է վերցնում կրտսեր որդին՝ Ժորան:

Որդու՝ Ժորայի հետ

Հետ հայացք նետելով, հիշելով սեփական անցյալը՝ Խազալն ասում է. իզուր չէ, որ ընտանիքը վտանգավոր ճամփա բռնեց, չնայած մինչեւ վերջ էլ ոչ ոք փրկության հույս չուներ: Իզուր չէ, որ նրանք հաղթահարեցին հարյուրավոր կիլոմետրեր արյունով ներկված երկրով՝ հաղթահարելով քաղցը, ցուրտը եւ անհաղթահարելի թվացող վախը: Քաջության համար պարգեւատրվեց:

- 175 թոռ եւ ծոռ ունեմ: Նրանք իմ հարստությունն են: Մահվան դեմ տարած իմ հաղթանակը:


 

Լուսանկարներն` Արսեն Սարգսյանի\NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ