News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչական դատարանը նախօրեին աննախադեպ ակտ է կայացրել, որը կարող է լուրջ նախադեպ դառնալ բոլոր վարորդների համար։

Փաստաբան Ռուզաննա Ազրոյանը ճանապարհային ոստիկանության կողմից տուգանվել էր Եղվարդի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության վարչական շենքին հարող ճանապարհահատվածում 57 կմ/ժամ արագությամբ մեքենա վարելու համար, մինչդեռ ըստ ոստիկանների՝ այդ տարածում թույլատրելի արագությունը 40 կմ/ժամն է։ Փաստաբանը բողոքարկել էր վարչական ակտերը, եւ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ վճիռ է կայացրել՝ բավարարելով փաստաբանի դիմումը։

Վճիռն աննախադեպ է նրանով, որ հաստատվել է, թե Հայաստանի տարածքում տեղադրված «40» կմ/ժ արագություն սահմանող նշանները տեղադրման օրվանից ի վեր եղել են ոչ իրավաչափ եւ մինչեւ օրս վարչական մարմինը քաղաքացիները ենթարկել են վարչական պատասխանատվության՝ հիմքում դնելով ոչ իրավաչափ վարչական ակտ:

«Երթեւեկության անվտանգության մասին» օրենքով Երեւանը բնակավայր է, որտեղ թույլատրելի արագությունը 60 կմ/ժամ է։ Արագությունը կարող է սահմանափակվել 20 կմ/ժամ՝ բնակելի գոտիներում՝ համապատասխան նշանների առկայության դեպքում, եւ 50 կմ/ժամ՝ կցորդով մեքենաների համար։ Մյուս բոլոր դեպքերում արագությունը սահմանափակող նշանները կարող են այդ արագությունը սահմանափակել միայն դեպի առավելագույնը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ռուզաննա Ազրոյանը նշեց, թե վճիռն ուժի մեջ է մտնելու մեկ ամսից, եթե Ճանապարհային ոստիկանությունը չբողոքարկի այն վերադաս դատական ատյանում։ Փաստաբանը, սակայն, կարծում է, որ ՃՈ-ն չի բողոքարկի վարչական դատարանի օբյեկտիվ վճիռը։ «Կարծում եմ՝ չեն բողոքարկի, որովհետեւ կողմն, իրոք, ասելիք չուներ դատարանում։ Վճիռը բավական օբյեկտիվ եւ խորը վերլուծված է։ Ես հիմքեր չեմ տեսնում, որ իրենք կարող են բողոքարկել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ուժի մեջ մտնելուց հետո այս վճիռը նախադեպ կդառնա մյուս վարորդների համար, որոնք կարող են բողոքարկել տուգանքի մասին որոշումները։

Նշենք, որ դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երեւանի Եղվարդի խճուղում տեղադրված թիվ 3.24 ճանապարհային նշանը, եւ վերացնել Ռուզաննա Ազրոյանի նկատմամբ ընդունված տուգանքը:

Տպել
Ամենաշատ