News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում անցկացված պատարագը արդեն պատմության գիրկն է անցել, եւ դրա արձագանքները փոքր ինչ հետաքրքրական են: Մասնավորապես, Թուրքիային չհաջողվեց իրականացնել իր նախատեսած շոուն, հիմնականում հայերի միասնական բոյկոտի շնորհիվ: Նույնիսկ, Էրդողանի կողմից հրավիրված արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առատությունը չփոխեց իրավիճակն ի օգուտ Թուրքիայի: Պատարագին բավականին քիչ թիվ էին կազմում հայաստանցիները, ում հասցեագրված էր պատարագը: Նույնիսկ մի քանի տասնյակ հազարի հասնող ստամբուլահայ համայնքից ընդամենը 700 հոգի  մասնակցեց պատարագին:  Անտեղի չէ հիշատակել Վանի հյուրանոցային համարների կեսի դատարկ լինելու փաստը: Վանի գործարարները եւս բողոքում են, իրենք ծախսեր են կատարել, սակայն խաչը չտեղադրելու պատճառով Վան չեկած հայաստանցիները զրկեցին Վանի գործարարներին ստացվելիք շահույթից:

Այսպես, Վանի Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու գմբեթին խաչը չտեղադրելու որոշումով սկսվեցին թուրքական իշխանությունների հասցեին խիստ քննադատություններ, հենց թուրքական մամուլի կողմից:  Պարզապես երկու վերնագիր, երկու շատ հայտի թերթերից` «Կես բարի կամքը, բարի կամք չէ» եւ «Հսկայական Թուրքիան չի կարողանում 100 կիլոգրամանոց խաչ բարձրացնել»: Այս համատեքստում,կրկին թուրքական իշխանություններն իրենց գցեցին ծիծաղելի իրավիճակի մեջ, եւ դրանով նպաստեցին, որ իրենց կազմակերպած շոուն չտա ցանկալի արդյունքը:
Աղթամարի պատարագը Թուրքիայում նոր խնդիրներ վեր հանեց:

Աղթամարի Ս. Խաչում չտեղադրված խաչը, հայերենով իրականացվող պատարագը եւ թեկուզ քիչ թվով հայերը առիթ հանդիսացան, որ տարիներով իրենց ինքնությունը թաքցրած բազմաթիվ  թաքնված հայեր խիզախություն դրսեւորեցին բացահայտել իրենց հայ լինելը:  Վանից, Մուշից, Սասունից, Դերսիմից, Համշենից եւ Թուրքիայի այլ վայրերից Աղթամար եկած ծպտյալ հայերի ուրախությունը եւ արտասուքը խոսում էր այդ մարդկանց համբերատարության եւ համարձակության մասին: Մուշից  20 միկրոավտոբուսներով եւ մարդատար մեքենաներով  պատարագին մասնակցելու եկածները մոմ էին վառում, համբուրում չտեղադրված խաչը եւ արտասվում…:  Իրենց շուրջը հայեր տեսնելով, շատերը փորձում էին պատմել, արտահայտել իրենց տարիների թաքցրածը, զրույցի բռնվել այն հայաստանցիների հետ, ովքեր թուրքերեն գիտեին:  Թոռների հետ Ալաշկերտից Աղթամար եկած 85-ամյա մի ծերունի լսելով հայերեն բառեր, սկսեց  արտասվել, նշելով, թե ինքը հայ է, սակայն երբեք չի լսել հայերենով խոսացողների, քանի որ, երբ ինքը 3 տարեկան է եղել իր հորը սպանել են, իսկ մորը` փախցրել են, իսկ իրեն մի քուրդ ընտանիք է պահել: Արճեշից եկած 45-ամյա Մեհմեդը եւս ուրախ էր, որ Աղթամարում պատարագ է իրականացվում, քանի որ իր մայրը արմատներով հայ է, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ եւ ինքն է եկել մասնակցելու: Աղթամարում իրենց հայ ինքնությունը չթաքցրեցին շատերը, նույնիսկ Թուրքիայի արեւմտյան հատվածից եկածները:

Աղթամարի պատարագով Թուրքիայում կրկին վեր հանվեց ծպտյալ հայերի խնդիրը: Մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Պոլսո փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանի քրոջ  մահմեդականացած թոռների պաշտոնապես վերադարձը քրիստոնեություն:  Աղթամարի պատարագից օրեր անց, արք. Աթեշյանը, լրագրողի հարցերին պատասխանելիս, անդրադարձել է Թուրքիայի տարբեր վայրերից իրենց դիմողների մասին, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց պապերի հավատքին եւ լեզվին: « Նրանք կամ քաշվում են իրենց հարեւաններից կամ վախենում են աշխատանքից հեռացվել։ Թուրքիայի ժողովրդավարացման եւ մարդու իրավունքների ամրապնդման հետ մեկտեղ, հազարավորները հետ կդառնան իրենց հավատքին։  Այսօր, Թուրքիայի տարբեր նահանգներից՝ Թունջելիից, Տրապիզոնից, Քասթամոնուից երիտասարդներ են գալիս մեզ մոտ՝ հետաքրքվելու իրենց արմատներով: Եթե այդ վախը վերանա, թուրքերը կհասկանան, որ հազարավոր հայեր են իրենց կողքին ապրել»,- նշել է արքեպիսկոպոս Աթեշյանը:

Իհարկե, այս ամենին չէր կարող չարձագանքել, իր հակահայ, ռասիստական հայտարարություններով հայտնի,  թուրք պատմաբան, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, ում մի արտահայտությունը բավական է, որ թուրքական հասարակության մեջ հակահայկական տրամադրություններ տարածվեն: Ըստ Հալաչօղլուի` ծպտյալ հայերի ինքնության վերականգնումը` հող է նախապատրաստում`  Թուրքիայից փոխհատուցում պահանջելու համար: Թուրք պրոֆեսորը նշել է, թե ծպտյալ հայերի թիվը կազմում է 500 հազարից ավել:

Այս գործընթացը սկսված է եւ պետք է համապատասխան ուշադրության արժանացնել այն եւ սպասել այնպիսի հայտարարությունների, ինչպիսին,օրեր առաջ արել է Թունջելիից  30-ամյա Զեքի Սարըջան. “«Ապրում եմ Մազգիթ գյուղում: Այստեղ շատ հայ կա, սակայն ծպտյալ են, ձուլվել են եւ վախենում են: Ես ասում եմ, որ հայ եմ, սակայն հայրս դա չի անում: Հասարակության մեջ բոլորը` նաեւ զինվորականությունը եւ ոստիկանությունը, գիտեն, որ հայրս հայ է, սակայն հայրս վախենում է: ԵՍ ԱՐԴԵՆ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ»:

Անդրանիկ Իսպիրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ