News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ հանրությանը հայտնի եւ անհայտ որոշ անձինք պատրաստվում են հատկապես այս օրերին դիմել սադրանքների, անկարգություններ հրահրել, խախտել հասարակական կարգը մայրաքաղաքի որոշ հատվածներում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Երկու օր առաջ ոստիկանության պաշտոնական կայքում հայտարարություն զետեղվեց, որով կոչ էր արվում ձեռնպահ մնալ ապրիլի 24-ի շրջանում հավաքներ կազմակերպելուց: Մեկ օր անց հայտարարությունը թարմացվեց, այսօր տարածվում է սոցցանցերում:

Ըստ Ահարոնյանի, իրենց տեղեկությունների համաձայն, հակաօրինական գործողություններն իրականացվելու են որպես քաղաքացիների իրավունքների իրացում եւ արտահայտություն: «Ոստիկանության համար հստակ են թե՛ քաղաքացիների՝ օրենքով նախատեսված իրավունքները, թե՛ իր լիազորություններն ու պարտականությունները: Ոստիկանությունը համարժեք հակազդելու է ցանկացած օրինազանցության եւ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկելու ցանկացած օրինազանցի նկատմամբ: Հասարակական կարգի լիարժեք պահպանումը հասարակության պահանջն է եւ ոստիկանության պարտականությունը, որն իրականացվում է ողջ ծավալով»,- նշել է նա եւ հավելել. «Համոզված եմ, որ հանրությունը ճիշտ կգնահատի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, իսկ սադրանքների հակվածներին կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անխոհեմ քայլերից եւ ինչ-ինչ հարցերի լուծման շահադիտությամբ չխախտել մեր ժողովրդի միասնությունն ու չվտանգել հասարակական անվտանգությունը»:

Ահարոնյանը նաեւ կոչ է անում լրագրողներին՝ նման իրավիճակներում հստակ պահպանել լրագրողի աշխատանքի կանոնները, չխոչընդոտել ոստիկանության աշխատանքը: «Ոստիկանի պարտականությունը հասարակական կարգը պահպանելն է, ձեր պարտականությունը՝ դրա լուսաբանումը: Ցավոք, մեր բազմաթիվ կոչերից հետո էլ ոչ բոլոր լրագրողներն են առաջնորդվում այս պարզ ճշմարտությամբ: Վստահ ենք, որ ոստիկանության կոչը արձագանք կգտնի մեր հանրության կողմից»,- նշել է նա:

Տպել
Ամենաշատ