Սոչիի հայկական համայնքը հիշատակի միջոցառումներ է կազմակերպել Ցեղասպանության 101-ամյակի կապակցությամբ։
Ապրիլի 24-ին Սբ. Սարգիս եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել, որից հետո սփյուռքի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել խաչքարի մոտ։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ադլերի համար 31 դպրոցի տնօրեն Հրանուշ Ավոյանը նշեց, որ համայնքն ամեն տարի նման միջոցառումներ է կազմակերպում։ «Մենք հավաքվում ենք Սբ. Սարգիս եկեղեցում։ Ապրիլի 23-ին ամբողջ համայնքը, այդ թվում դպրոցականները, եկեղեցի էին եկել եւ մոմեր էին վառել Ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասել է նա։
Ավոյանը նշել է, որ ապրիլյան դեպքերի մասին լուրերը ոչ միայն ցնցեցին ամբողջ համայնքը, այլ նաեւ համախմբման առիթ դարձան։ «Համայնքը միջոցներ հավաքեց Ղարաբաղի համար։ Մենք միշտ պատրաստ ենք դժվար պահին օգնել հայրենիքին»,- ասաց Ավոյանը։