News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ում նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհել է, որ ՀՀԿ-ական պատգամավորները լռում են, չեն արձագանքում, երբ քննադատություն է հնչում քառօրյա պատերազմի ժամանակ իշխանությունների թերացումների ու այդքան զոհեր տալու մասին: Ասյ մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Վազգեն Կարախանյանը՝ նկատելով, որ իսկապես այսօր դժգոհելու առիթ կա։

«Ես բազմաթիվ ընկերներ եմ կորցրել, բայց միաժամանակ մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում, չեմ կարծում, որ առանց զոհերի ճակատամարտեր են լինում: Սերժ Սարգսյանն ասում էր, որ պետք է հակադարձեք, երբ ասում են զոհեր ենք ունեցել»,-ասաց նա՝ ու հավելեց. «Որքան հասկացա, խնդիրն այսպես էր, փնովում են, ասում են զոհեր եղան եւ դրա պատճառներից էականների մեջ ռազմական ղեկավարության մեղքը կար: Այս կարճատեւ պատերազմը ցույց տվեց, որ մտորելու շատ բան ունենք»:

Ճշտող հարցին, թե այսինքն նախագահը դժգոհել է, որ չեն արձագանքում քննադատություններին, Կարախանյանը պատասխանեց. «Դա էլ կար, նաեւ այն, որ պետք է ներկայացնել իրական պատկերը, որովհետեւ մենք շատ թե քիչ տեղեկացված ենք: Կարծում եմ, մենք ասելու բան ունեինք, որը լավ չկատարվեց: Բացթողումներ լինում են, բայց դրանք այնքան հզոր չէին, որ հնարավոր լիներ ցեխ շպրտել»:

Կարախանյանը համաձայնեց, որ բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկությունները հենց այդ բացթողումների հետեւանք էին: «Նախագահը նոր պաշտոնանկությունների մասին բան չասաց, բայց ասաց, որ պարբերաբար լինելու է դա, եւ եթե մարդիկ չեն կարողանում իրենց պարտականությունները պատշաճ կատարել, ուրեմն տեղ չունեն մեր պաշտոնական դիրքերում: Դա բոլորին էր վերաբերում, նաեւ պատգամավորներին: Մեջբերում արեց՝ իմացեք, որ սա էլ ձեր խրամատն է»,-ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Տպել
Ամենաշատ