Մոսկվայում 4-ամյա երեխայի սպանության մեջ մեղադրվող Ուզբեկստանից Գյուլչեխրա Բոբոկուլովային, հոգեբուժական փորձաքննության արդյունքում, անմեղսունակ կճանաչեն: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրադրությանը տեղյակ աղբյուրի:
Սոցիալական եւ դատական հոգեբուժության պետական գիտական կենտրոնի մասնագետների կարծիքով, կինը չի կարողանում ամբողջությամբ պատասխան տալ իր արարքներին: Արդյունքում Բոբոկուլովան քրեական հետապնդման չի ենթարկվի, նրան կուղարկեն հարկադիր բուժման: Աղբյուրի փոխանցմամբ, բժիշկների ամփոփիչ եզրակացությունը հետաքննությանը կտրամադրվի առաջիկա շաբաթ:
Ապրիլի 28-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Բոբոկուլովայի կալանքը երկարացրել է մինչեւ մայիսի 29-ը: Հետաքննությունը պատրաստվում է ուսումնասիրել սոցիալական ցանցերում նրա նամակագրությունը: Այս մասին ասված է դատարանի որոշման մեջ:
Հետաքննության տվյալներով, փետրվարի 29-ին որպես դայակ աշխատող Բոբոկուլովան սպասել է, մինչեւ մեծերը դուրս են եկել բնակարանից, այնուհետեւ կտրել է 4-ամյա աղջկա գլուխն ու հրդեհել բնակարանը:
Ավելի ուշ, երբ ոստիկանությունը մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանում ոստիկանները մոտեցել են նրան՝ փաստաթղթերը ստուգելու համար, նա պայուսակից հանել է երեխայի գլուխը, «Ալլահ աքբար» բղավել եւ սպառնացել պայթեցնել իրեն: Հարցաքննություններից մեկի ժամանակ նա հայտարարել է, որ աղջկան սպանել է՝ Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների համար վրեժ լուծելու նպատակով: