News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան հիմնական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների ծնողներն ահազանգում են, որ վերջին զանգի միջոցառումների համար դպրոցի տնօրինությունը աշակերտներից 110-հազարական դրամներ է հավաքում:

«Ամեն տարի ավելանում է գումարը, մինչեւ որ հասել է նման թվերի: Սարսափելի անբարոյականություն է, ամբողջ հայ ազգը գումար է հանգանակում բանակի համար, իրենք էլիտար միջոցառում են կազմակերպում»,- ասաց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած ծնողներից մեկը:

Ծնողը նշեց, որ 110 հազար դրամից 2 հազարը ատեստատի համար է, 8 հազարը՝ ավարտական ալբոմների, 40 հազարը տրամադրվելու է տնօրենին եւ ուսուցիչներին պարգեւատրելու համար ստեղծված ֆոնդին, 20 հազարը՝ ավարտական ֆիլմի նկարահանմանը:

«Կա ավարտական 6 դասարան, ամեն դասարանում 30 երեխա է սովորում: Ստացվում՝ ամեն դասարան 600 հազար դրամ պետք է վճարի ֆիլմի համար, այնինչ մենք գիտենք՝ երկու կամերայով հարսանիք նկարահանելը 100-150 հազար դրամ է ընդամենը: Առնվազն Հոլիվուդից դերասաններ պիտի կանչեն էդքան գումարով ֆիլմ նկարահանելու համար: Ու պիտի ամեն ուսուցիչ էլ 50 հազար դրամով պարգեւատրվի, այնինչ որ հաշվում ես՝ շատ ավելի մեծ գումար է կազմում 40 հազար դրամով, այդքան ուսուչից չկա դպրոցում»,- ասաց նա:

Ծնողները պատրաստվում են դիմել նաեւ ԿԳ նախարարություն:

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը NEWS.am-ին հավաստիացրեց, որ նման բան չկա, ինքը արգելել է դպրոցում դրամահավաք անցկացնել:

«Աբսուրդ է, նման բան գոյություն չունի: Յուրաքանչյուր ժողովի ժամանակ տնօրինությունը խիստ արգելում է որեւէ դրամահավաք կազմակերպել դպրոցում: Բոլորը գիտեն այդ մասին, անհրաժեշտության դեպքում կարող եմ ձայնագրություններ ներկայացնել»,- ասաց տնօրենը՝ նշելով, որեւէ բանի համար գումար հավաքվելուց առաջ պետք է համապատասխան դիմում ներկայացվի իրեն: 

Նա նշեց, որ ուսուցիչներին պարգեւատրելու ֆոնդ չկա դպրոցում, ավելին, ինքը միշտ հետեւել է, որ նրանց հատկացված նվերները չլինեն ճոխ:

Տպել
Ամենաշատ