News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործուղումների համար նախատեսված ծախսերի կրճատումներին ավելի շատ անհատական մոտեցում է պետք ցուցաբերել, այսինքն՝  կախված թե ինչպիսի գործուղում է,  դրա նպատակն ինչպիսին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն՝ անդրադառնալով վարչապետի՝ անարդյունավետ ծախսերի կրճատման վերաբերյալ հայտարարությանը։

«Գործուղումների կրճատումներին ավելի շատ անհատական մոտեցում է պետք ցուցաբերել, այսինքն՝  կախված թե ինչպիսի գործուղում է,  դրա նպատակն ինչպիսին է։ Օրինակ, ես 26 տարի կառավարությունում եմ աշխատում, երբեք պետական միջոցներով բիզնես կարգով չեմ մեկնել եւ գիտեմ, որ շատերը կան, որ չեն գնում, բայց պետք է  հստակ սահմանվի՝ ովքեր կարող են գործուղման մեկնել բիզնես կարգով, որովհետեւ բացառել որեւէ  պետական պաշտոնյայի բարձրակարգից օգտվելը, դա նույնպես ծայրահեղություն է։ Ենթադրենք՝ միջոցառումներ կան Եվրախորհուրդում, որտեղ ուրիշ երկրների պատվիրակությունները  գալիս են 10-20 հոգով, չենք կարող, չէ՞, մերոնց ասել ՝ եկեք ծախսերը կրճատենք, մի հոգի  թող գնա։  Պետք է նպատակային տեսակետից նայենք, մեխանիկորեն հնարավոր չի»,-ասաց Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե անարդյունավետ ծախսերի վերաբերյալ մամուլի հրապարակումներին  կառավարության համապատասխան ներկայացուցիչները մշտապես արձագանքել են` արդարացնելով դրանք: Ի՞նչն էր պատճառը, որ  հարցը վերանայելու անհրաժեշտություն ծագեց, ասաց:

«Կրճատման մասին միշտ էլ խոսակցություններ եղել են։ Դուք ակնկալում եք, որ ես պատճա՞ռ ասեմ, որ, օրինակ, սրանից սկսվեց  կրճատումը։  Սա էն դեպքն է, որ ինչ որ բանից պետք է խոսեն ու հասունանա էդ պահը, բայց կոնկրետ ասել․․․ Վստահ եմ, որեւէ մեկը չի կարող  ասել՝ այսպիսի բան եղավ, դրա համար որոշեցինք, ո ր կրճատենք»։

Ֆինանսների փոխնախարարը պնդեց, որ ապրիլյան պատերազմի  հետ այդ նախաձեռնությունը որեւէ առնչություն չունի:

«Կոնկրետ մեքենաների առումով եթե ժամանակագրական առումով հետ գնաք, կհիշեք, որ բյուջեն քննարկում էինք ու վարչապետն էլ անդրադարձավ, դա մինչեւ սահմանային դեպքերն էր։  Եթե անկեղծ, ես  այդ դեպքի հետ չեմ կապում, միշտ ինչ-որ չափով պետք է հասունանա պահը»:

Հարցին` պետ եկամուտների կոմիտեի միլիոնավոր դոլարների արժողությամբ նորակառույց ուսումնական կենտրոնը արդյունավետ ծա՞խս է,  պատասխանեց.

«Եթե ակնկալում եք, որ ես բոլոր օբյեկտներին կարող եմ մասնակցություն ունենալ…  Կառավարությունը խնդիրը առաջ  է քաշել, ինչ-որ մակարդակի քննարկել է ու սկսվել է այս գործունեությունը, ավելի կոմպետենտ է։ Եթե ասեմ՝ ինչքան անհրաժեշտ էր այդ ուսումնական կենտրոնը, սիրողական մոտեցում կլինի: Ես համաձայն եմ, որ բոլոր ծախսերի նկատմամբ պետք է վերաբերմունքը լինի անխտիր։ Այս սկզբունքի հետ համաձայն եմ, բայց էդ սկզբունքի լույսի տակ պետք է նայել կառավարության գործողությունների ծրագիրը, եւ բոլորը պետք է էդ լույսի տակ իրենց աշխատանքը կատարեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ