News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատական Հիլարի Քլինթոնը կուսակցական համագումարներում առաջադրվելու դեպքում նոյեմբերին կպայքարեն Սպիտակ տան 45-րդ առաջնորդի պաշտոնի  համար: Ընտրություններում կարեւոր դեր խաղացող գործոններից մեկը կլինի էթնիկ լոբբիստական տարրը: Թեկնածուները կձգտեն ստանալ խոշոր էթնիկ համայնքների աջակցությունը: Այս ճակատում հիմնական պայքարը կծավալվի իռլանդական, հրեական եւ հայկական սփյուռքի համար: Այս էթնիկ խմբերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում առանցքային նահանգներում կոմպակտ բնակվելու եւ ինստիտուցիոնալ կազմակերպություններում ներկայացված լինելու պատճառով, գրում է Forbes-ը:

Ամերիկահայերը աջակցում են Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնին: Դա պայմանավորված է պատմական հիշողությամբ եւ ԱՄՆ-ում առաջին հայկական համայնքների ձեւավորման առանձնահատկություններով: Ամերիկա-հայկական կազմակերպությունների ղեկավարները սերտ կապեր ունեին Կոնգրեսի եւ Սպիտակ տան բարձրաստիճան դեմոկրատական պաշտոնյաների հետ: Ամերիկահայերը շատ լավ են հիշում, որ հենց դեմոկրատական նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմն էր ընդունել «Մերձավորարեւելյան օգնության» մասին օրենքը, որով շատ հայեր կյանքը նորից սկսելու շանս ստացան: Միայն 2012-ին առաջատար հայամետ կազմակերպությունները հայտարարեցին, որ չեն աջակցի դեմոկրատ Բարաք Օբամային 2-րդ անգամ վերընտրվելիս, քանի որ նա խախտել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախընտրական իր խոստումը: Օբամայի կողմից այդ քայլին չգնալը հանգեցրեց նրան, որ ամերկահայերը դադարեցին վստահել դեմոկրատներին:

Հիլարի Քլինթոնը 10 տարի շարունակ պաշտպանում էր ցեղասպանության ճանաչման մասին օրենքն ընդունելուն ուղղված հայկական համայնքի ջանքերը: Նա հետեւողականորեն հանդես էր գալիս որպես  Սենատում բազմաթիվ հայամետ բանաձեւերի աջակից՝ մասնակցելով Սփյուռքի համաժողովներին եւ հավաքներին: Սակայն, Օբամայի առաջին նախագահության օրոք դառնալով ԱՄՆ պետքարտուղար, Քլինթոնը Կոնգրեսում լսումների ժամանակ խուսափում էր ցեղասպանություն բառից: Բայց, ի տարբերություն Օբամայի, նա ամբողջովին չի սպառել համայնքի վստահությունը:

Ակնհայտ է, որ Քլինթոնը նոյեմբերին կայանալիք ընտրություններում կօգտագործի  ցեղասպանության թեման Քալիֆորնիայում, որտեղ հայկական լոբբին ամենալուրջ քաղաքական եւ տնտեսական կշիռն ունի: Թրամփի եւ Քլինթոնի միջեւ ընտրության դեպքում պարգմատիկ ընտրությունը Քլինթոնն է: Ամերիկահայերը  հասկանում են, որ նա միակ թեկնածուն է, որն աշխատանքային մեծ փորձ ունի հայ համայնքի հետ եւ, ի տարբերություն մրցակիցների, հասկանում է ղարաբաղյան հակամարտության նրբությունները:

Միաժամանակ ամենաազդեցիկ ամերիկահայ քաղաքական գործիչները՝ Քալիֆորնիայի նահանգապետ Ջորջ Դյուքմեջյանը, կոնգրեսականներ Սթիվ Դերունյանը եւ Չարլզ Փաշայանը, Հանրապետական կուսակցության անդամներ են եղել: Ավելին՝ հենց հանրապետական նախագահների հետ են կապված հայկական լոբբի առավել նշանակալի նվաճումները: Այսպես՝ Ռոնալդ Ռեյգանը եղել եւ մնում է ԱՄՆ միակ նախագահը, որը 1915-1923թթ. դեպերը նկարագրելիս օգտագործել է ցեղասպանություն բառը: Հենց Ջորջ Բուշ ավագի օրոք հայկական լոբբինգը կարողացավ հասնել Հայաստանի եւ Ղարաբաղի համար խոշոր անհատույց օգնություն տրամադրելուն: Ակնհայտ է, որ հանրապետականները լուրջ ավանդ են ներդրել ԱՄՆ-ում հայկական լոբբինգի ձեւավորման եւ զարգացման գործում: Սակայն Հանրապետական կուսակցության ներկայիս թեկնածուները ոչ մի շփում չեն ունեցել հայամետ խմբերի հետ, ինչը Հիլարի Քլինթոնին այլընտրանքային առաջատար է թողնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ