News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մանուկ տարիքում երազել է օդաչու դառնալու մասին, սակայն հանգամանքների բերումով ընտրել է քաղաքականությունը:

«Այնպես ստացվեց, որ հասարակական գործունեությամբ զբաղվեցի, հետո քաղաքականություն մտա: Իսկ ինչի համար որ ուզում էի օդաչու դառնալ` ազատ անկման ադրենալինը, զգացել եմ»,- այսօր՝ մայիսի 29-ին ասաց պատգամավորը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցում էր NEWS.am-ի ամենամյա բարեգործական միջոցառմանը:

Վահե Էնֆիաջյանը նշեց, որ չարաճճի երեխա է եղել, բայց լավ է սովորել դպրոցում: Նրա մանկությունը անցել է գործագործ, հավալա, 7 քար խաղալով, ինչը հիմա չեն անում իր 3 տղաները:

«Մեր խաղերից երեխաները հիմա ֆուտբոլ են խաղում, իսկ հիմնականում համակարգչով են զբաղվում, շփումը քիչ է»,- նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանում երեխաների իրավունքները բավականաչափ պաշտպանված են:

«Սոցիալապես անապահովները, միեւնույն ժամանակ, բավական մեծ թիվ են կազմում, լինում են նաեւ ընտանիքներ, որոնք աշխատում են, սակայն չեն կարողանում  հաղթահարել եկամուտների նվազագույն զամբյուղը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ շատ անելիքներ կան այս առումով:

Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Տպել
Ամենաշատ