News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն) գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 40-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, ովքեր շնորհավորական ուղերձներն են հղել ԵԺԿ հոբելյանի կապակցությամբ` իրենց խոսքում անդրադառնալով կուսակցության անցած ճանապարհին, ձեռքբերումներին, Եվրոպական հարեւանության եւ Արեւելյան գործընկերության օրակարգային հարցերին, ԵԺԿ զարգացման ու ամրապնդման հեռանկարին:

Համաեվրոպական քաղաքական ամենամեծ ընտանիքի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ կուսակցությանն ուղերձ է հղել նաեւ ՀՀ Նախագահը: Նշելով, որ կուսակցությունը տարիներ շարունակ եղել եւ մնում է եվրոպական ինքնության վերարժեւորման կարեւորագույն օղակներից եւ համաեվրոպական առաջընթացի շարժիչ ուժերից մեկը, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ԵԺԿ անդամ քաղաքական ուժերից շատերն այսօր էլ ունեն կարեւորագույն դերակատարում եվրոպական բազմաթիվ երկրների քաղաքական գործընթացներում:

Ուղերձում ՀՀ նախագահը առանձնահատուկ նշել է ԵԺԿ նախկին նախագահ, լուսահոգի Վիլֆրիդ Մարտենսի անուրանալի ավանդը կուսակցության հիմնադրման, կայացման եւ արձանագրած բազմաթիվ հաջողությունների հարցում, նաեւ նրա ներդրումը եւ համակողմանի աջակցությունը Հայաստանի՝ եվրոպական մերձեցման գործընթացում եւ Հայաստանի հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ հայաստանյան երկու այլ քաղաքական ուժերի անդամակցության գործում:

Հանրապետության նախագահը մեծապես կարեւորել է միջկուսակցական փոխգործակցությունը ԵԺԿ-ի հետ` եվրոպական քաղաքական մշակույթի տարածման, համաեվրոպական արժեհամակարգի ամրապնդման տեսանկյունից: «Հայ ժողովուրդը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է իր անցյալով ու մշակույթով, իղձերով ու նպատակներով, իսկ հայաստանյան կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին բխում է մեր ընդհանուր քրիստոնեական ժառանգությունից, ինչպես նաեւ հիմնարար ազատությունների, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների սկզբունքներին համատեղ հանձնառությունից: Այս առումով հատկանշական է նաեւ ՀՀԿ-ի երիտասարդական եւ կանանց կազմակերպությունների անդամակցությունը ԵԺԿ-ի համապատասխան կազմակերպություններին:

Բարձր եմ գնահատում նաեւ ԵԺԿ-ի դիրքորոշումը Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ տարբեր եվրոպական կառույցներում, ինչպես նաեւ խորհրդարանական հարթակներում:

Մեծ է եղել ԵԺԿ-ի աջակցությունը Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները զարգացնելիս: Դրանք այսօր հասել են մի նոր՝ կարեւոր ու պատասխանատու հանգրվանի: Արդեն մեկնարկել են բանակցությունները Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի մեր հարաբերությունների բնույթն ու կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղղությունները: Վստահ եմ, որ այս նոր փաստաթուղթը կյանքի կոչելու հարցում եւս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի»,-նշել է ՀՀ նախագահն իր շնորհավորական ուղերձում եւ վստահություն հայտնել, որ այսուհետ եւս ԵԺԿ ընտանիքը, նախագահ Դոլի բազմահմուտ ղեկավարությամբ, կշարունակի կենսագործել կուսակցության հիմնարար արժեքներից բխող իր առաքելությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ