News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում 2 գնդապետ եւ 1 գեներալ է ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ձերբակալվածներն են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով:

Մասնավորապես, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝  իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության  կամ անգործության մեջ,  որն առաջացրել է  ծանր հետեւանքներ։

Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը՝  կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է  ծանր հետեւանքներ, հանցագործություն կատարելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ):

Ըստ այդմ, նախաքննության ընթացքում Դավիթ Աբրահամյանն ընդունել է մեղադրանքը, ցուցմունք է տվել, վերականգնել է պատճառված վնասը: Քննիչը որոշում է կայացրել նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Դավիթ Աբրահամյանը ձերբակալվել էր մայիսի 11-ին՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ