News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Մայիսի 30-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արեւմտյան հատվածի կենտրոնակայանում, տեղի է ունեցել հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արարողությունից առաջ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց խաղաղապահ առաքելության արեւմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիին: Հանդիպմանը մասնակցում էին հայ խաղաղապահների 3-րդ եւ 4-րդ զորախմբերի հրամանատարները: Կայացած զրույցի ընթացքում Արտուրո Նիտտին ներկայացրեց առաքելության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու խնդիրները: Նա դրվատեց հայ խաղաղապահների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը եւ բազմազգ միջավայրում աշխատելու ունակությունները: Գեներալ Նիտտին առանձնահատուկ նշեց հայկական զորախմբի արագ ինտեգրման կարողությունը:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան լիարժեք գործառնական կարողությունների ձեւավորմանը, Կոսովոյի ուժերին եւ Աֆղանստանի գործողություններին մասնակցության փորձառությանն առնչվող հարցերի: Զրուցակիցներն մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի խաղաղապահության զարգացման հեռանկարների, խաղաղապահության մանդատների շրջանակների ընդլայնման անհրաժեշտության շուրջ:

Պաշտոնական արարողության ժամանակ ծառայությունն ավարտող հայ խաղաղապահների 3-րդ զորախումբը լիազորությունները փոխանցեց Լիբանան ժամանած հաջորդ՝ 4-րդ զորախմբին: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան կենտրոնակայանի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտին, կենտրոնակայանի մարտական աջակցության գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ջուզեպպե Անեկկան եւ հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի հրամանատար մայոր Գեւորգ Սայադյանը:

Գեներալ Արտուրո Նիտտին շնորհակալության հայտնեց հայ խաղաղապահներին՝ բարեխիղճ եւ բարձր մակարդակով ծառայություն իրականացնելու համար, գնահատանքով խոսեց նրանց կարգապահության եւ ծառայողական պատրաստվածության մասին: Բրիգադի գեներալը շնորհավորեց տուն վերադարձող հայ խաղաղապահներին եւ բարի ծառայություն մաղթեց պարտականությունները ստանձնող նոր զորախմբին:

Պաշտոնական հանդիսությունը եզրափակվեց հայ խաղաղապահների 3-րդ զորախմբի զինծառայողների պարգեւատրմամբ: Վերջիններիս հանձնվեցին ՄԱԿ-ի հատուկ մեդալներ` առաքելությունը հաջող ավարտելու կապակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի զինված ուժերի ներկայացուցիչը, զինավանի սպայական անձնակազմը, կենտրոնակայանում առաքելություն իրականացնող այլ երկրների խաղաղապահներ:

Նշենք, որ UNIFIL-ի Խաղաղապահ առաքելության արեւմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիի հրամանատարության տակ գտնվող հատվածում ծառայում են 13 երկրների 3800 զինծառայողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ