News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իտալական մի ընկերություն լիցենզիա է ստացել եւ Քարախաչի լեռնանցքում իրականացնում է հողմաէլեկտրակայանի կառուցում, այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտարարեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նա հույս հայտնեց, որ շինարարությունը կավարտվի 2 տարվա ընթացքում։ Հողմակայանը կունենա 20 ՄՎտ հզորություն եւ կարտադրի տարեկան 31 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Նշենք, որ 2003թ. ամերիկյան NREL-ի (National Renewable Energy Laboratory) կողմից մշակվել է Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզը, ըստ որի տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ, իսկ հիմնական հեռանկարային տեղանքները գտնվում են` Զոդի լեռնանցքում, Բազումի լեռներ` Քարախաչի եւ Պուշկինի լեռնանցքներում, Ջաջուռի լեռնանցքում, Գեղամա լեռների շրջանում, Սեւանի լեռնանցքում, Ապարանի շրջանում, Սիսիանի եւ Գորիսի միջեւ գտնվող բարձունքային գոտում, Մեղրիի շրջանում:

Քամու ներուժի մոնիթորինգային աշխատանքներն ավարտված են եւ  տեխնիկատնտեսական հիմնավորումներ են կազմված Սեւանի Սեմյոնովկա լեռնանցքում` 34 Մվտ, Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքում` 90 ՄՎտ, Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքում` 20ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցման համար:

Հիշեցնենք, որ 2005թ. դեկտեմբերին Հայաստանում Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հարավային Կովկասում առաջին՝ «Լոռի 1» հողմակայանը։ Կայանի ընդհանուր տեղակայված հզորությունը 2.64 ՄՎտ է, որը ներառում է 660 կՎտ հզորությամբ 4 հողմակներ։ Հողմակայանը կառուցվել է Իրանի կառավարության տրամադրած 3.1 մլն դոլար դրամաշնորհի օգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ