News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փախստականները բեռ չեն դառնում իրենց ապաստան տված պետության վրա, ընդհակառակը, փողի տեսքով նրանց տրամադրվող օգնությունն ի վիճակի է տնտեսությանը հզոր ազդակ հաղորդել: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, հայտնում է  Lenta-ն: 

Հետազոտողներն ուսումնասիրել են Ռուանդայում կոնգոցիների երեք ճամբարի ազդեցությունը տեղի տնտեսության վրա: Երկու ճամբարում նրանք օգնություն են ստացել կանխիկ դրամով, իսկ երրորդում` սննդով: 

Հետո տնտեսագետները հաշվարկել են, թե այդ ճամբարներն ինչպես են ազդում շրջակա տարածքների (տասը կմ շառավղով) բարեկեցության վրա: Պարզվել է, որ յուրաքանչյուր նոր փախստականի գալը (որին տարեկան 120 ԱՄՆ դոլար են վճարել) տեղի բնակչության իրական եկամուտն ավելացնում է 60-90 տոկոսով (200-250 դոլարով): Նման վերելքի պատճառը դարձել է փախստականների կողմից տեղացիներից ապրանքների եւ ծառայությունների գնումը: Փախստականները շրջանի մասնավոր ձեռնարկատերերի 17,3 տոկոսի հիմնական հաճախորդներն են եղել: 

Ավելին, փախստականների ներկայության տնտեսական «բոնուսները» զգացվել են ամբողջ երկրում: Պարզվել է, որ յուրաքանչյուր փախստականն այն ճամբարներից, որտեղ կանխիկ են վճարել, այդ նահանգի առեւտուրը Ռուանդայի այլ շրջանների համեմատ ավելացրել է   49-55 դոլարով:

Միաժամանակ տնտեսության վրա երրորդ ճամբարի ազդեցությունը, որտեղ փախստականներին օգնություն էր տրամադրվում բնամթերքով, զգալիորեն ավելի թույլ է եղել: Փախստականների 89 տոկոսը տեղի շուկայում վաճառել է իրեն տրամադրված մթերքը  (եգիպտացորեն, բակլա, բուսական յուղ եւ աղ): Այդպես նրանք կանխիկ դրամ են ստացել եւ կարող էին դա ծախսել այլ սննդի վրա, սակայն այդ գործողությունը տեղի մթերային շուկայում մեծացնում էր առաջարկը: Ավելին, տեղի սննդամթերք արտադրողները ստիպված են եղել մրցակցել փախստականների հետ, որոնք շուկա էին նետում ավելի էժան  սննդամթերք: Արդյունքում մեկ փախստականի ներկայության  «բոնուսը» կազմել է ընդամենը 145 դոլար:

«Մեր եզրակացություններն ասում են, որ եթե փախստականները հնարավորություն են ունենում փոխգործակցել տեղի տնտեսության հետ, նրանք էականորեն բարձրացնում են եկամտի մակարդակը», — ամփոփում է հետազոտության ղեկավար Էդվարդ Թեյլորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ