News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դպրոցներում ու բուհերում երբեմն կարեւորելով սոցիալական խնդիրները, անտեսվում է կրթության որակի հարցը: Այս մասին, ՀՀ մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ հերթական խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ եւ դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ դպրոցների ֆինանսավորման կարգի, համայնքներում դպրոցների թափուր հաստիքների համալրման, կրթության նոր չափորոշիչների, ուսուցչի մրցույթի անցկացման կարգի վերաբերյալ մի շարք հարցերի: Քննարկվել  են նաեւ ավագ դպրոցի խնդիրները՝  ուսումնական պլանի, 12-րդ դասարանում ուսումնական գործընթացի կազմակերպման, ավագ դպրոցների բարեփոխումների համատեքստում:

Նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ: Ըստ նախարարի՝ երբեմն կարեւորելով սոցիալական խնդիրները, այդ թվում բուհերում, անտեսվում է կրթության որակի հարցը: Լեւոն Մկրտչյանը կարեւորել է նաեւ հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթություն սահուն անցումը, ինչպես նաեւ մանկավարժական կրթության խնդիրը:

Յուրաքանչյուր մարզի եւ Երեւան քաղաքի կրթության պատասխանատուները ներկայացրել են իրենց մարզերի կրթության ոլորտի հիմնախնդիրները եւ բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսլականը: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետը նշել է, որ մարզի շուրջ 20 դպրոցից ստացվել է մարզի կրթության ոլորտի հիմնախնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ թվով 50 առաջարկ: Վարչության պետը հիմնականում առանձնացրել է սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջանների մանկավարժների նպատակային ընդունելության խնդիրը՝ ընդգծելով մարզում որոշակի մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի հարցը, ինչպես նաեւ ուսուցիչների մրցույթի եւ  ատեստավորման կարգի վերանայման եւ  տնօրենների հավաստագրման եւ վերապատրաստման կարգի մշակման անհրաժեշտությունը:

Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը կարեւորել է մարզում առկա փոքր դպրոցների, ցածր ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցիչների, ինչպես նաեւ գյուղական համայնքների ուսուցչական կադրերի խնդիրը:

Տավուշի մարզի պատասխանատուն իր հերթին անդրադարձել է մարզի 100-300 աշակերտ ունեցող դպրոցների ցածր խտությամբ դասարանների ֆինանսավորման, բազմակոմպլեկտ դասարանների եւ սահմանամերձ գյուղերի դպրոցների պահպանման ծախսերին առնչվող խնդիրներին:

Մյուս մարզերի վարչության պետերը եւս հիմնականում բարձրացրել են ուսուցչի մրցույթի անցկացման կարգի, դպրոցների միջեւ հավասար պայմանների անհրաժեշետության, փոքր դպրոցների եւ հաստիքակազմերի, ներառական կրթության, օտար լեզուների ուսուցման  եւ որոշ մասնագետների պակասի խնդիրները, ինչպես նաեւ ռազմագիտություն առակայի ուսուցիչների կարգավիճակի եւ վերջիններիս վերապատրաստման հարցը:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ առաջիկայում նախատեսվող հերթական հանդիպմանը կքննարկվեն հանրակրթության ոլորտի չափորոշիչներին եւ ավագ դպրոցի հիմնախնդիրներին վերաբերող հավելյալ հարցեր: Այդ կապակցությամբ նախարարը հանձնարարել է առաջիկա հանդիպմանը բարձրացնել յուրաքանչյուր մարզում առկա հրատապ եւ հեռանկարային լուծում պահանջող կրթական խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ