News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA)  հուլիսի 3-ին կազմակերպում է «Վարդավառ միջազգային փառատոնը», որն արդեն դարձել է ավանդական:

Ճանաչողական, կրթական, մշակութային փառատոնն անցկացվելու է հայ ժողովրդի եւ համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող հուշարձաններում՝ Գեղարդում եւ Գառնիում: Փառատոնի մանրամասներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեցին կազմակերպիչները:

Փառատոնի ծրագրում ընդգրկված է ինչպես Վարդավառի եկեղեցական ծիսակատարությունը, այնպես էլ ազգագրական երգի, պարի համույթի հոգեթով կատարումներ, ազգային ավանդական խաղեր, Վարդավառ տոնի թեմատիկ տաղավարներ, որոնք ներկայացնում են տարբեր մարզերի ավանդույթները, ծիսական ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները:

Փառատոնի հայաստանցի եւ օտարերկրացի հյուրերը, ինչպես նաեւ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները Գեղարդում հնարավորություն կունենան մասնակցելու տոնի խորհրդին՝ ջուր ցողելու արարողությանը:

«Ազգագրական հայտնի համույթների եւ դերասանների մասնակցությամբ Գառնիում ժամը 15:00-ին սկսվող երաժշտական բեմադրությունը յուրովի կմատուցի «Վարդավառ» տոնի էությունը»,- նշեց փառատոնի ղեկավար Ատոմ Մխիթարյանը՝ հրավիրելով բոլոր հետաքրքրվողներին մաս կազմելու կիրակնօրյա ազգային տոնակատարությանը:

ՀՀ Կոտայքի փոխմարզպետ Կարեն Մարգարյանն էլ ընդգծեց, որ «մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից ընդգծված ուշադրություն է դարձվում մարզի մշակութային կյանքի ակտիվացմանը, որի արդյունքում մարզային առօրյան նշանավորվում է նոր եւ ինքնատիպ մշակութային միջոցառումներով: «Վարդավառ» միջազգային փառատոնը, մարզին յուրօրինակ փայլ է հաղորդում  եւ արդեն երրորդ տարին է, որ իր շուրջն է համախմբում հազարավոր մարդկանց»:

 «Վարդավառ» միջազգային փառատոնի կազմակերպմանն աջակցում են Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը, ՀՀ Կոտայքի մարզպետարանը,  Գառնիի գյուղապետարանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը, Տերյան մշակութային կենտրոնը, Taraz Art-ը, «Ակունք» ազգագրական համույթը, Վահագն դհոլահարների անսամբլը, Վան երգի-պարի ազգագրական համույթը, Պատանի լրագրողների դպրոցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ