News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը քիչ առաջ դուրս է եկել դատարանի շենքից, որտեղ քննվում է Սեֆիլյանի նկատմամբ երկամսյա կալանքի միջնորդությունը, եւ հայտնել, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Սիմիզար Հովսեփյանին՝ պատճառաբանելով, որ նա բավարար չափով չի տիրապետում քրեական իրավունքին, վճռաբեկ դատարանի նախադեպերին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Արա Զաքարյանը նշել է, որ դատավորը բավարար գիտելիքներ չունի գործը քննելու համար:

Պաշտպանի խոսքով, Ժիրայր Սեֆիլյանն իրեն մեղավոր չի ճանաչել, եւ գործը որակել է որպես քաղաքական պատվեր:

«Ենթադրելու համար, որ սա քաղաքական գործ է, կան մի շարք պատճառներ, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ Ժիրայր Սեֆիլյանը  որպես քաղաքական գործիչ հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով եւ բոլորովին վերջերս հայտարարություններ է արել ԼՂՀ որոշ տարածքներ հանձնելու վերաբերյալ, որի մասին մինչ այդ ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել: Սեֆիլյանը կարծում է, որ իր այդ քայլերից հետո իշխանությունը որոշել է հաշվեհարդար տեսնել իր հետ»,-ընդգծել է փաստաբանը:

Նրա խոսքով, Քննչական մարմինը փորձել է պաշտպաններից ստորագրություն վերցնել քննության ընթացքում ստացած տեղեկությունները չհրապարակելու վերաբերյալ. «Այսինքն՝ իշխանությունը մի կողմից քննչական մարմնի միջոցով որոշակի տեղեկություններ է տրամադրում, մյուս կողմից՝ պաշտպանների բերանը փակում, որպեսզի հերքի այդ տեղեկությունները»:

Նշենք, որ երբ դատարան էին բերում Սեֆիլյանին, «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամներ ավտոմեքենայի հետեւից վանկարկում էին՝ «Ժիրայր-Ժիրայր»։

Այսօր ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ: Ընդ որում, Սեֆիլյանը ցուցմունք չի տվել նաեւ առերես հարցաքննության ժամանակ եւ հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց:

Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում եւ աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր:

Այս քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Դատարանը այս պահի դրությամբ դեռ որոշում չի կայացրել:

Տպել
Ամենաշատ