Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից բերման է ենթարկվել երկու կին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Բերման ենթարկվածներն են Սյուզան Սիմոնյանն ու Անուշիկ Կարապետյանը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին սատարելու համար նրա համախոհները հավաքվել են դատարանի առջեւ, որտեղ այժմ քննվում է Սեֆիլյանին կալանավորելու հարցը:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին հունիսի 22-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ: Ընդ որում, Սեֆիլյանը ցուցմունք չի տվել նաեւ առերես հարցաքննության ժամանակ եւ հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց:
Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում եւ աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր: