News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում  հունիսի 20-ից հացադուլ հայտարարած, վաղակետ ազատման անկախ հանձնաժողովի դեմ բողոքող 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին հունիսի 22-ին այցելել են ՄԻՊ աշխատակիցները: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ-ի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը:

«ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Վոլոդյա Ավետիսյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ, ծանոթացել առողջական վիճակին եւ պահման պայմաններին: Հարցը գտնվում է ՄԻՊ ուշադրության ներքո եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-ասաց նա:

NEWS.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ նշեց, որ հացադուլ հայտարարած ազատամարտիկին այցելել է նաեւ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, իսկ հունիսի 20-ին այցելել են  Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի 6 անդամներ: Թե ինչ են զրուցել Վոլոդյա Ավետիսյանի հետ, մանրամասներ հայտնի չեն. «Վոլոդյան հենց այդ հանձնաժողովի դեմ է բողոքում եւ թե ինչ կարող էր նրանց հետ խոսել, անհասկանալի է»:

Նշենք, որ  Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն արդեն երրորդ անգամ մերժում է Ավետիսյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումը եւ Վոլոդյա Ավետիսյանը, հացադուլ հայտարարելով, բողոքում է  այդ կառույցի դեմ:

 Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ