News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 23-ին, բավարարեց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ներկայումս կալանքի տակ գտնվող Գեւորգ Սաֆարյանի դիմումը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը՝ «մինչեւ գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով, ճանաչելով Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածների 1-ին մասերին հակասող:

Ինչպես հաղորդում է pastinfo.am-ը, սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց 2016թ.-ի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին եւ կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում այն համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին:

ՍԴ որոշեց նաեւ, որ վեճի առարկա հոդվածի կիրարկմամբ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտը, նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով, ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սահմանադրությանը հակասող ճանաչված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պատասխանողը մինչեւ գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, ՍԴ դիմողը նշել է, որ իր համար բացասական հետեւանքներ է առաջացրել 2014թ.-ի մայիսի 14-ի գործով վարչական դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված եւ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, որն, ըստ իրեն, հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածների:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության հայցադիմումի հիման վրա 2014թ.-ի հիշյալ գործով Գեւորգ Սաֆարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանքի։

Նրա կարծիքով՝ այն հարցը, թե դատարանների կողմից տվյալ վարչական գործով անմիջապես դատաքննություն կնշանակվի, թե՝ ոչ, ո՛չ պատասխանողի եւ ո՛չ հայցվորի համար հայտնի լինել չի կարող: Այդ մասին պատասխանողն իրազեկվում է կամ դատաքննության, կամ նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ: Իսկ դատաքննություն նշանակելու մասին որոշումն ստանալու պահից պատասխանողը զրկվում է հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից:

Դիմողը գտնում է նաեւ, որ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրականացման համար նախատեսված օրենսդրական կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, չի կարող կանխատեսելի համարվել պատասխանողի համար եւ կարող է հանգեցնել վերջինիս դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների խախտմանը:

Նշենք, որ այս գործը ՍԴ-ն պետք է քննության առներ հունիսի 14-ին, սակայն, հաշվի առնելով գործով դիմողի ներկայացուցիչների կողմից հունիսի 13-ին ՍԴ ներկայացված` ՀՀ դատական դեպարտամենտի դիրքորոշման եւ ՀՀ Ազգային ժողովի բացատրության վերաբերյալ լրացուցիչ բացատրության ուսումնասիրման նպատակով գործի դատաքննությունը հետաձգելու վերաբերյալ զեկուցող՝ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի առաջարկությունը, ՍԴ-ն որոշել էր գործի դատաքննությունը հետաձգել մինչեւ հունիսի 23-ը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ