News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ հունիսի 25-ին, այցելել է Շիրակի մարզի Արթիկ քաղաք, որտեղ հեղեղումների հետեւանքով քաղաքին լուրջ վնաս է պատճառվել: Վարչապետը ծանոթացել է նախօրեին քաղաքում ջրհեղեղի հետեւանքով տուժած բնակիչների ավերակի վերածված տներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետի հետ Արթիկում էր նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման  նախարար Դավիթ Լոքյանն ու քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Վարչապետին ու նախարարներին Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանն ուղեկցել է այն բնակարաններ, որոնք հայտնվել են ջրի տակ:  Ջրհեղեղից տուժած բնակիչները վարչապետին խնդրել են արագ քայլեր ձեռնարկել իրենց բնակարանները վերանորոգելու համար: «Ես ապրելու տեղ չունեմ, խնդրում եմ, հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկեք, օգնեք տունս վերանորոգեմ»,-ասաց տուժած բնակիչներից մեկը:

Նշենք, որ ընդհանուր հաշվով 13 ընտանիք է տուժել հեղեղումից: Վարչապետը այցելել է նրանց բոլորի բնակարաններ, որից հետո խորհրդակցություն է անցկացրել Արթիկի քաղաքապետարանում:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի:

Քաղաքապետ Արսեն Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հետ քննարկել են  բնակարանների վերանորոգման հարցը: «Հանձնաժողովը կքննարկի, կուսումնասիրի, աշխատանքներ կտարվեն, կպարզվի  վնասի չափը եւ քաղաքապետարանի բյուջեի սահմաններում կանենք անհրաժեշտ հրատապ  աշխատանքները: Իսկ մյուս աշխատանքները, արդեն  դուք ինքներդ էլ լսեցիք, վարչապետն ասաց՝ կառավարությունը կաջակցի աղետի վնասները լիարժեք վերացնելու համար»,-ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Արթիկում ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասնում է մոտ 40 սմ-ի: Ջրալցվել է նաեւ Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել 33 հոգու (աշխատակիցներ եւ երեխաներ), վնասվել տներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ