News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում  հունիսի 20-ից հացադուլ հայտարարած, վաղակետ ազատման անկախ հանձնաժողովի դեմ բողոքող 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի ընկեր, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Գագիկ Սարուխանյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի առողջական վիճակը լավ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԻՊ աշխատակիցները, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն այցելել են Վոլոդյա Ավետիսյանին:

Նշենք, որ  Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն արդեն երրորդ անգամ մերժում է Ավետիսյանի՝ վաղաժամկետ ազատման դիմումը եւ Վոլոդյա Ավետիսյանը, հացադուլ հայտարարելով, բողոքում է  այդ կառույցի դեմ:

Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:

Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվել է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը 2014թ. հուլիսի 17–ին Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը: Նրա վրա համաներումը չէր տարածվել:

Տպել
Ամենաշատ