News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոմի Ֆրանցիսկոս Պապի 1  միլիմետրանոց միկրոդիմանկարը պատրաստելու համար հայ միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանից 3 ամիս է պահանջվել: Եռօրա այցով հունիսի 24-ին Հայաստան ժամանած Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հենց այդ  միկրոդիմանկարն էլ հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նվիրել է Սրբազան Քահանայապետին:

Սեփական դիմանկարն այնքան փոքր է եղել, որ Հռոմի Պապը  այն միայն խոշորացույցի միջոցով է կարողացել տեսնել: Հռոմի Ֆրանցիսկոս Պապի միկրոդիմանկարը ստեղծելու միտքը շատ պատահական է առաջացել. 38-ամյա միկրոքանդակագործը փետրվարին իմանալով, որ Սրբազան Քահանայապետը Հայաստան է այցելելու, որոշել է նրա համար նվեր պատրաստել՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ համաձայնության գալով՝ սկսել աշխատանքները:

«Ոգեւորված եկա տուն, ուսումնասիրեցի Հռոմի Պապի լուսնկարներն ու աշխատանքի անցա: Մոտ 3 ամիս տեւեց, արանքում մի երկու գործ փչացավ, հետո երբ այս վերջինը պատրաստ էր, ցույց տվեցի, հավանեցին: Վերջին օրը զանգեցին, ասացին, որ գնամ Էջմիածին, ներկա գտնվեցի, որպես հեղինակի էլ ինձ ներկայացրին Հռոմի պապի մոտ, որն իր դիմանկարը խոշորացույցի միջոցով տեսնելով՝  իրեն հատուկ անմիջականությամբ բարձր ծիծաղեց եւ շնորհակալություն հայտնեց»,-պատմում է երիտասարդ միկրոքանդակագործը:

Էդուարդ Ղազարյանը բազմաթիվ գործերի հեղինակ է, սակայն, այս ընթացքում իր աշխատանքներից ամենատպավորիչնրը եղել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի եւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի միկրոդիմանկարները: Միկրոքանդակագործը որոշել է բոլոր հայ մեծերի դիմանկարը քանդակել, բայց կատակով նշում է՝ «Մտածում էի բոլոր հայ մեծերի  դիմանկարներն անեմ, բայց այնքան շատ են, որ  արդեն չեմ հասցնում»:

Էդուարդ Ղազարյանը հայտնի միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի թոռն է: Նա միկրոքանդակագործությամբ սկսել է զբաղվել 17 տարի առաջ՝ պապիկի առաջարկությամբ: Նա նշում է՝ ամեն ինչը սովորել է 70 տարվա փորձ ունեցող պապիկից, որը մահանալուց առաջ թոռանը պատգամել է՝ «աշխատել շատ, անընդհատ կատարելագործվել եւ մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները փոխանցել գալիք սերունդներին»: Էդուրադն այդպես էլ անում է՝ անընդհատ կատարելագործում է իր աշխատանքները, ամեն ինչ անում՝ պապի պատգամը կատարելու համար...

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ