News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«GG Taxi»-ն էլ, «Yandex Taxi» էլ իրենց պատասխանը կստանան: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է  Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

«Պարոն նախագահ, խնդրում եմ պատժել կառավարության այն անդամներին, որոնք 7 տարի շարունակ տաքսիների ոլորտում իրականացրեցին բիզնես ցեղասպանություն, որը հաշվարկվում է 100-150 միլիոն դոլարի վնաս։ Հիմա էլ վերջնական դահիճն է եկել՝ «GG Taxi»-ն ու «Yandex Taxi»-ը, որ վերջնական կոտորի մյուս տաքսիներին»,- նշել է Տիգրան Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, դեռ ամիսներ առաջ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ոստիկանությունում այդ հարցով հանձնաժողով էր ստեղծվել, որտեղ Տրանսպորտի նախարարության ներկայացուցիչներին իրենք ասել են, որ «GG Taxi»-ն ապօրինի է գործում. «Բայց հետո տեսանք, որ բոլոր լիցենզավորված տաքսիներին դուրս մղեցին եւ հայտարարեցին, որ մենք տաքսի չենք, մենք վարձակալությամբ քաղաքացիներին տաքսի ենք տալիս»:

Դիտարկմանը, թե ժողովուրդը դժգոհ է վարորդներից եւ տաքսի ծառայության որակից, անհատ վարորդներից մեկն ասաց. «Ես ինքս  ջղայնանում եմ, երբ տեսնում եմ, որ  ոչ սթափ վիճակում են նստած ղեկին, կամ երբ ժամերով խոսում են ուղեւորի հետ։ Նրանք դրա իրավունքը չունեն։ Այլ բան է, որ ուղեւորը հարց տա, պատասխանես, բայց իրենց քաղաքագետի տեղ դրած՝ քննարկումներ են անում, վերջում էլ  մինիմալի համար 1000 դրամ վերցնում։ Նրանք մեր անվան հետ են խաղում։ Ոլորտը պետք է մաքրել այդ վարորդներից»։

Նշենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել անհատ տաքսիստներն ընդդեմ՝ Yandex եւ GG տաքսի ծառայությունների գործունեության, որի տաքսիստները երթեւեկում են առանց համապատասխան լիցենզիայի եւ հարկեր վճարելու։ Տաքսու վարորդները պատրաստվում էին հանձնել իրենց լիցենզիաները: Սակայն նրանք լիցենզիաները չհանձնեցին, քանի որ Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ պատրաստ են նոր նախագիծ մշակել բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ ոլորտն ամբողջությամբ կարգավորելու  եւ անհավասար պայմանները վերացնելու համար։ «Հայաստանում հուլիսի 1-ից աշխատել սկսող «Yandex taxi»–ին խորհուրդ կտամ աշխատանքի ընդունել լիցենզավորված վարորդներին, հակառակ դեպքում, եթե այդ պահանջը չբավարարվի, ընկերությանը կտուգանեն»,-ասել է նախարարը:

Տպել
Ամենաշատ