News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Գոռավան գյուղում բնակվող 60-ամյա Անահիտ Ավետիսյանն արդեն 21  տարի է՝ սպասում է գերության մեջ գտնվող իր որդուն: 1995թ. գերության մեջ հայտնված  Արմեն Ինանցից ընտանիքի անդամները վերջին անգամ տեղեկություն են ստացել 8 տարի առաջ:

«Մոտ 8 տարի առաջ էր՝ մի գերու էին բերել, պատմում է, որ տեսել է որդուս: Նկարը  տեսավ, մատը դրեց, ասեց՝ ինքն է: Ասում էր՝  մարմինը վնասված է, դեմքը վերքերի մեջ կորած, պատերի վրա գրել է իր անուն ազգանունը, որ ով ազատվի, դուրս գնա՝ ասի, որ ինքը այնտեղ է»,- NEWS.am-ին պատմեց մայրը՝ Անահիտ Ավետիսյանը:

Գերությունից վերադարձած զինծառայողը պատմել է, որ Արմենն իր փոխարեն գնացել է աշխատելու, այդ պատճառով էլ իրեն են փոխանակել նրա փոխարեն:

«Ասեց՝ ինձ ծեծում էին, որ ես գնայի աշխատելու, իմ ոտքերը ցուրտը տարած էր, ես չէի կարող, ինքն իր կամքով գնաց իմ փոխարեն: Հետո եկան փոխանակելու, ես էի այնտեղ, ինձ փոխանակեցին: Ասաց՝ եթե ես գնայի, իրեն կփոխանակեին»,- պատմեց մայրը:

Արմեն Ինանցը անհետացել է 1995թ. դեկտեմբերի 25-ին: Մայրը պատմեց, որ որդին ծառայել է Նոյեմբերյանի տարածաշրջանում, դիրքերում է եղել, գնացել է ջուր բերելու, չի վերադարձել:

«Աղբյուրից օգտվել են եւ հայերը եւ թուրքերը: Ոչ մեկ չի գնացել ջուր բերելու, Արմենն ասել է՝ ինքը կգնա: Գնացել է ու անհայտացել»,- պատմեց նա:

Ընտանիքի անդամները Արմենի՝ գերի ընկնելու մասին իմացել են մեկ տարի անց, երբ գերությունից 4 հոգի վերադարձել են, ասել, որ նրան բերդում տեսել են: Վերջին լուրը որդուց եղել է 8 տարի առաջ, բայց տիկին Անահիտը նրան մի օր տանը տեսնելու հույսը չի կորցրել:

«Դժվար է շատ… Մինչեւ հիմա ամեն օր, ամեն պահի սպասում եմ, հույսս չեմ կորցնում, որ մի օր գալու է»,- արցունքները չի կարողանում զսպել տիկին Անահիտը:

Արմեն Ինանցը բանակ է զորակոչվել դպրոցն ավարտելուց անմիջապես հետո:

«Շատ լավ էր սովորում դպրոցում, բայց չհասցրեց ընդունվել ինստիտուտ: Բանակից զնագում, ասում էր՝ մամ, փոքր ախպորս անպայման ուսման կտաք, թող սովորի նոր գնա ծառայի: Ու այդպես էլ արեցինք»,- պատմեց մայրը:

Արմենի դպրոցի պատին նրա լուսանկարն է, ներքում՝ մի տող 4-րդ դասարանում նրա գրած շարադրությունից. «Թուրքերը մեր թշնամիներն են, պետք է թույլ չտանք, որ նրանք մեր վրա ձեռք բարձրացնեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ