News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունիսի 30-ին, ժամը 19.02-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երեւան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը՝ 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 ՀՀ քաղաքացու:

Վերջին չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանը, ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական եւ լրատվական ծառայությունները, որոնց աշխատակիցներն այս երկու օրերի ընթացքում շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին եւ պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:

4-րդ չվերթի ընթացքում եւս Երեւան ժամանող օդանավի ուղեւորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն ու բժիշկները:

Նշենք, որ բացի ՀՀ եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների` ՀՀ քաղաքացիների նկատմամբ դրսեւորած հոգատար վերաբերմունքից ու ցուցաբերած մեծ աջակցությունից, տեղի հայ համայնքը նույնպես ցուցաբերել է զգալի օժանդակություն՝ պարբերաբար սնունդ եւ օթեւան տրամադրելով հայրենակիցներին:

Թռիչքներն իրականացվել են ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում՝ կապված հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման հետ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ