News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երեւան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու:

5-րդ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ԱԻՆ բժշկական, հոգեբանական եւ լրատվական ծառայությունները, որոնց աշխատակիցներն այս երկու օրերի ընթացքում շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին եւ պարբերաբար տրամադրելով թարմ տեղեկատվություն:

5-րդ չվերթի ընթացքում եւս Երեւան ժամանող օդանավի ուղեւորներին ուղեկցում էին ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն ու բժիշկները՝ ՌԴ ԱԻՆ գնդապետ Տ.Ս. Բազդիրեւի գլխավորությամբ:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Գաբրիելյանը, եւ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանն օդանավակայան էին եկել նաեւ նույն ինքնաթիռի հետադարձ թռիչքով Հայաստանում գտնվող ՌԴ 13 քաղաքացիներին իրենց հայրենիք ճանապարհելու համար: ՌԴ քաղաքացիները Լարսի անցակետում ծագած խնդրի պատճառով մնացել էին Վարաստանում՝ զրկված լինելով Ռուսաստան վերադառնալու հնարավորությունից:

ՌԴ քաղաքացիները երախտագիտության խոսքեր հղեցին ՀՀ եւ ՌԴ ԱԻ նախարարությունների աշխատակիցներին՝ հոգատար վերաբերմունքի եւ այլընտրանքային տարբերակով հայրենիք վերադարձի կազմակերպման համար: ՌԴ ԱԻՆ օդանավը Զվարթնոցից Ռուսաստան ուղեւորվեց ժամը 14.20-ի սահմաններում:

Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիները եւս գոհունակություն հայտնեցին ՀՀ եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատանքի, իրենց նկատմամբ դրսեւորած հոգատար վերաբերմունքի ու ցուցաբերած մեծ աջակցության համար: Բացի այդ, տեղի հայ համայնքը նույնպես ՀՀ քաղաքացիներին ցուցաբերել է զգալի օժանդակություն՝ պարբերաբար սնունդ եւ օթեւան տրամադրելով հայրենակիցներին:

Հատուկ չվերթներով թռիչքներն իրականացվել են ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցներին: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, իսկ չորրորդը՝ 19.02-ին:

Տպել
Ամենաշատ