News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը անվճար հիմունքներով Հայաստան է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետեւանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:

Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից այսօր ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ եւ ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից եւ Լարսում փողով «գործ են անում»:

Արայիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ թեեւ ինքը ԱԻՆ պահանջով օրը երկու անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երեւան հասնելու իր հերթը չի հասնում: Փոխարենը, ըստ նրա, հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի ու Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ «տասովկեքի» մեջ է. կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երեւան: Մինչդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով.

«Հունիսի 22-ից այստեղ ենք: Որոշ ժամանակ անց ԱԻՆ-ից եկան ասացին, որ հերթագրում են անում Լարսում, որ անվճար չվերթներ պետք է լինի դեպի Երեւան: Հերթագրվեցինք: Առաջին մի քանի չվերթի ժամանակ մեր հերթը զիջեցինք հիվանդ, տարեց մարդկանց, մանկահասակ երեխաներին, հիմա էլ մեր հերթը չի հասնում: Անցակետից 20 կիլոմետր հեռավարության վրա կանգնած ենք: Ամեն օր ժամը 17:00-ին գնում ենք Լարս, հերթագրվում, հետ գալիս, հետո երեկոյան գնում հերթագրվում, հետ գալիս: Ստացվում է, որ ամեն օր 100 կիլոմետր գնում-գալիս ենք: Արդեն 5-6 ինքնաթիռ է իջել Երեւան, բոլոր հերթերի մեջ ես ու իմ ընկերները եղել ենք, չենք կարողացել ինքնաթիռ նստել: Բայց էդ ինքնաթիռ մարդիկ են նստում, որոնք մի ժամ առաջ Լարս են եկել կողքի քաղաքից՝ Ստավրոպոլից, Պիտիգորսկից (լսել են, որ անվճար չվերթ կա, եկել են): Մեջը 100 տոկոս իրենք փող են վերցնում, որովհետեւ հիմա շատ է թանկացել ինքնաթիռի տոմսը: Փող են վերցնում ու ուղարկում են»,- պատմեց Արայիկ Մարգարյանը:

Հարցին՝ այսինքն փող են վերցնում, ավտոբուսով ուղարկում Բեսլան, որ այնտեղից անվճար ինքնաթիռով գա՞ն, Արայիկ Մարգարյանը պատասխանեց. «Այո, Բեսլանից ուղիղ Զվարթնոց»:

Վերջինս նշեց, որ այսօր տեսել է, թե ինչպես է ավագ լեյտենատ Տիգրան Ավետիսյանը ավտոբուսն ուղեկցում դեպի Բեսլան, մոտեցել է նրան ու ասել, թե երբ է իրենց հերթը հասնելու:

«Փողոցային բառերով խոսեց, ուզում էի պատասխանել, ընկերներս ինձ հեռացրին տարածքից, թե չէ կտանեին ոստիկանություն»,- պատմեց նա:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք իր կարծիքով այդ ավտոբուսի վարորդը համագործակցում է մեր ԱԻՆ աշխատակիցների հետ: Ի պատասխան Լարսում մնացած քաղաքացին ասաց. «1000 տոկոս: Որովհետեւ 3 հոգի կան, միշտ իրար հետ են՝ մեկը ԱԻՆ-ից Տիգրան Ավետիսյանն է, մյուսը Վլադիկավկազից՝ ինչ-որ Էրիկ, մեկ էլ ավտոբուսի վարորդը, որին Արո են ասում»:

Խոսելով Լարսում ստեղծված իրավիճակի մասին՝ Արայիկ Մարգարյանն ասաց, որ այնտեղ շուրջ 50-60 մարդ դեռ կեղտոտ, անթրաշ սպասում են. «Դեռ անձրեւ է գալիս, էն տեղում, որտեղ մենք կանգնած ենք, այդ ճանապարհն էլ է արդեն քանդվում, երկու տեղ արդեն քանդվել է: Այսինքն այս Ճանապարհը փակ է անհայտ ժամանակով: Դրա համար ուզում էինք մեր մեքենաները մի տեղ կանգնեցնել ու տուն գալ, մինչեւ կարգավորվի»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք, թե որտեղ են գիշերում Լարսում մնացած մարդիկ, ինչ են ուտում.

«Ավտոյի մեջ քնում-արթնանում ենք: Ուտելիքի համար գնում ենք Վլադիկավկազ: Մի-երկու բան ենք առնում, գալիս եփում, էստեղ ուտում: Ասում են՝ վրան են դրել, բայց վրանի մեջ մի սեղան ու մի աթոռ է: Ոչինչ հնարավոր չէ անել»:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատար գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հերքեց վերը նշված տեղեկությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ