Գերմանիայի ոստիկանությունն ապացույցներ չունի, որ ուղեւորատար գնացքի վրա հարձակված 17-ամյա աֆղանցին կապ է ունեցել «Իսլամական պետության» հետ։ Այս մասին ասել է Բավարիայի ՆԳ նախարար Յոախիմ Գերմանը, փոխանցում է Reuters–ը։
Նրա խոսքով՝ աֆղան փախստականի սենյակի խուզարկության ժամանակ գտել են ԻՊ դրոշ եւ տեքստ, որը մասամբ գրված է եղել փուշթուով։ Սակայն, նրա կարծիքով, դեռ վաղ է խոսել հանցագործի եւ ԻՊ–ի միջեւ կապի մասին։ Նա նշել է, որ գիտի, որ ԻՊ–ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, բայց դեռեւս ապացույցներ չկան, որ տղան կապ է ունեցել ԻՊ–ի հետ։
Հիշեցնենք, որ կացնով զինված աֆղանցին հարձակվել էր գնացքի ուղեւորների վրա եւ վիրավորել 5 մարդու։ Այնուհետեւ սպանվել էր ոստիկանների կողմից։