News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեփականաշնորհվել է շենքի ջրի պոմպակայանը, որն անթույլատրելի է: Այս առնչությամբ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասվում է.

«Նամակ եմ ստացել Երեւանի Ազատամարտիկների 76 շենքի բնակիչներից այն մասին, որ շուրջ երեք տարի առաջ Ձեր 03.09.2013 թ. հ. 4386-Ա որոշմամբ Վահան Բեգոյանին սեփականության իրավունքով տրված տարածքում է գտնվում շենքին կից ջրապոմպերի, ջրի մագիստրալային խողովակների փականների համար նախատեսված ստորգետնյա շինությունը, որը 6 շենքերի է սպասարկում: Ըստ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի տվյալների, պոմպակայաններից մեկում վերջերս տեղադրվել են իտալական արտադրության երկու ավտոմատ կարգավորող նորագույն թանկարժեք պոմպեր, որոնք սպասարկում են հ. 76, 11, 12, 14, 16 եւ 18 շենքերի ջրամատակարարումը:

Ձեր կողմից 23.09.2015թ. տրված հ. 01/18-Բ-5237-795 շինթույլտվությամբ իրավունք եք տվել Վահան Բեգոյանին Ազատամարտիկների 76/4 հասցեում 2.3*2.3 քառակուսի մետր տարածքում, համարյա մայթի վրա, հողի երեսին իրականացնել նոր պոմպակայանի շինարարություն, որտեղ, բնակիչների մտահոգությամբ, պոմպերը ձմռանը ցրտից չեն պաշտպանվելու (կարծում եմ տեղին է նրանց մտահոգությունը): Հիշեցնեմ, որ գործող պոմպակայանը գետնի մեջ է կառուցված եւ այնտեղ երկու թանկարժեք, իտալական ավտոմատ կարգավորող նորագույն թանկարժեք պոմպեր են մոնտաժված, որոնց ապամոնտաժման թույլտվություն ունի՞ արդյոք նոր պամպակայանի կառուցապատողը:

Բնակիչները տարիներ շարունակ բողոքում են, որ 6 շենքերի սպասարկող ջրապոմպերի, ջրի մագիստրալային խողովակների փականների համար նախատեսված շինության տարածքի սեփականաշնորհումն անօրինական է, որովհետեւ այդ պոմպակայանը պատկանում է բազմաբնակարան շենքերին եւ դա իրենց սեփականությունն է ու առանց իրենց համաձայնության իրավունք չունեիք այն սեփականաշնորհել մեկ ուրիշի:

Ձեր N 4386-Ա, 03.09.2013թ. որոշման մեջ նշված է, որ «Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին եւ ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում եւ գտնվում է տարածագնահատման 6-րդ գոտում»։ Այնինչ, 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1) ենթակետն ասում է. «Համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար», այսինքն՝ նախատեսված է գործառնական նշանակությամբ՝ պոմպակայան օգտագործելու համար: Փաստորեն, Ձեր որոշման հիմնավորման մեջ օրենքի խեղաթյուրում կա: Հիմնավորումը գրողը օրենքը կամայականորեն է մեկնաբանել:

Խնդրում եմ տրամադրել այս մասին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի եզրակացությունը, որի մասին 19.02.2016թ. 18-08/2-5377 թվակիր նամակով Համատիրությունների նախագահների ասոցիացիայի նախագահ պարոն Գրիգորյանին էր հայտնել պարոն Քասարյանը:

Բնակիչների անունից խնդրում եմ վերանայել տարածքի սեփականաշնորհման մասին որոշումը, որի վրա, ըստ պարոն Քասարյանի ստորագրությամբ 19.02.2016թ. 18-08/2-5377 թվակիր նամակի, տարածքի կառուցապատման վերաբերյալ հայտ չի ներկայացվել, իսկ դրա առկայության դեպքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման հարցի քննարկման ժամանակ, ինչպես խոստացել է պարոն Քասարյանը, հաշվի կառնվի բնակիչների դիրքորոշումը:

Հուսով եմ, որ պոմպակայանի տեղափոխման եւ նրա վրա կառուցապատում իրականացնելու մտադրության վերաբերյալ բնակիչների բարձրացրած հարցերը պատշաճ լուծում կստանան, նամանավանդ` նրանք 21.07.2016թ. ժամը 14:20-ին դիմել են նաեւ Թեժ գիծ, որին անմիջապես արձագանքել է քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն ու նույն օրը տեղում ուսումնասիրել է բնակիչների ահազանգը:

Խնդրում եմ նաեւ տրամադրել պարոն Սիմոնյանի գրավոր արձագանքը՝ Թեժ գծի զանգի հետքով տեղում հարցի ուսումնասիրության մասին»:

Տպել
Ամենաշատ