News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց համազգային շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտում է հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կիրառած գործողությունները:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հուլիսի 29-ին Երեւանի Սարի թաղ թաղամասում անցկացվող խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը առանց իրավականորեն անհրաժեշտ հույժ կարեւորության հիմնավորման եւ նախազգուշացման կիրառել է հատուկ միջոցներ, հայուրավոր քաղաքացիներ բռնության են ենթարկվել ոստիկանության եւ ոստիկանության ակնհայտ աջակցությամբ գործող քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Ոստիկանության ու նշված տարրերի կողմից ակնհայտորեն նպատակաուղղված կերպով բռության են ենթարկվել նաեւ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողները։ Ոստիկանության բաժանմունքներ են բերման ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։ Բռնություն է կիրառվել նաեւ Սարի թաղում բնակվող եւ բողոքի ցույցին չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցույց անցկացնող քաղաքացիների եւ իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ։ Հուլիսի 29-ին տեղի ունեցած իրադարձությունները ոչ թե իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառուներ էին, այլ ակնհայտորեն պատժիչ գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն բռնության ենթարկված քաղացիների ու լրագրողների, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության կայունության, երկրի հեղինակության դեմ։

Հայոց Համազագային շարժում կուսակցությունը՝ դատապարտելով իրավապահ մարմինների ապօրինի գործողությունները, իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ ազարձակել բերման ենթարկված քաղաքացիներին, անաչառ հետաքննություն անկացնել անհամաչափ ուժի եւ հատուկ միջոցների կիրառման դեպքերի առթիվ, բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել քաղաքացիական հագուստով բռնություն իրականացնող անձանց, նրանց այդ գործողությունների դրդողներին եւ խրախուսողներին։ Պահանջում ենք անհապաղ բացահայտել եւ խստագույնս պատասխանատվության ենթարկել լրագրողների նկատմամբ բռնություն իրականացնողներին եւ մամուլի ներկայացուցիչների նկատմամբ  թիրախավորված հարձակում գործելու հրաման արձակողներին։

Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը պահանջում է ՀՀ Ազգային Ժողովի քաղաքական մեծամասնությունից հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան՝ տեղի ունեցածին քաղաքական գնահատական տալու եւ դրանից բխող համապատասխան քայլեր կատարելու համար։

Տպել
Ամենաշատ