News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելն ու ԱՄՆ-ն գալիք շաբաթ մտադիր են ռազմական օգնության մասին պայմանագիր կնքել: The Washington Post-ը գրում է, որ նոր պայմանագրով Իսրայելը կստանա ամենամեծ օգնությունը, որը ԱՄՆ-ն երբեւէ տրամադրել է որեւէ երկրի, հայտնում է Newsru-Israel–ն:

Շուտով Վաշինգթոն կժամանի բրիգադային գեներալ Յաակով Նագելը, Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախագահը, որը պետք է բանակցի պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու հարցի շուրջ: Այս պայմանագիրը պետք է փոխարինի մինչեւ 2018 թ. գործող համաձայնագիրը, որի շրջանակում Իսրայելը տարեկան 3.1 մլրդ դոլար է ստանում: Ենթադրաբար նրա այցը նշանակում է, որ նոր համաձայնագրի մասին բանակցությունները վերջին փուլն են մտնում:

Պարբերականը նշում է, որ փետրվարին վարչապետ Բինյամին Նեթանյահուն վրդովեցրել է Վաշինգթոնին՝ հայտարարելով, որ նոր 10-րդ համաձայնագրի շուրջ բանակցությունները գուցե իմաստ ունի Սպիտակ տան արդեն նոր աշխատակազմի հետ վարել: Հավանաբար հիմա Իսրայելի առաջնորդը եկել է այն եզրակացության, որ Օբամայի աշխատակազմը նրան ավելի լավ համաձայնագիր կառաջարկի, քան ԱՄՆ նոր նախագահը:

Ըստ այդ տեղեկության, Իսրայելը խնդրելու է մինչեւ 5 մլրդ ավելացնել տարեկան օգնության ծավալը, բացատրելով իր խնդրանքը Իրանի հետ միջուկային գործարքի պատճառով պաշտպանական ծախսերի աճով: Բայց համաձայնագրի ստորագրման տեսակետից հիմնական խնդիրն այն է, թե հատկապես ինչպես պետք է ծախսվեն հատկացվող գումարները: Օբաման պահանջում է նոր համաձայնագրում չներառել այն կետը, որը թույլատրում է ծախսել օգնության 26 տոկոսը իսրայելական ռազմական արդյունաբերության ապրանքների գնումների վրա: Ամերիկյան օգնության 13 տոկոսն էլ հատկացվում էր իսրայելական վառելիքի գնումներին: ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստացող ոչ մի այլ երկիր նման թույլատվություն չունի:

Բացի դրանից իսրայելական կողմը դժգոհ է Վաշինգթոնի պահանջից՝ պայմանագրում ամրագրված գումարը վերջնական դարձնելու մասին, որպեսզի Իսրայելը այլեւս չկարողանա դիմել Կոնգրեսին որեւէ լրացուցիչ նախագիծ ֆինանսավորելու խնդրանքով, ինչպես հիմա է անում հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացման ծրագրի հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ