Թեհրանը Բաքվին հստակ հասկացնել է տվել, որ չի հանդուրժի ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը: Այս մասին օգոստոսի 20-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է իրանագետ Կարեն Մկրտչյանը:
Անդրադառնալով հարցին այն մասին, թե ինչպես կարող է իրանա-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն ազդել ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, իրանագետը նշեց. «Եթե իրանական կողմը դեմ է ցանկացած ռազմական գործողության, նշանակում է, որ ստատուս քվոյի պահպանման օգտին է հանդես գալիս: Նման տեսակետով, դա իհարկե շահավետ է հայկական կողմին: Ավելին՝ իրանական կողմը միշտ ասել է, որ կողմ է խնդիրը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելուն»:
Նա հիշեցրեց, որ Բաքվում Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին շատ կարեւոր միտք հնչեցրեց, որ Իրանի համար շատ կարեւոր է բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծումը: «Դրանով Թեհրանը Բաքվին հստակ հասկացնել տվեց, որ չի հանդուրժի ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը»,- նշեց իրանագետը: