News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի դպրոցականները 2015-2016 ուստարում  մասնակցել են 6 առարկաների՝ Ֆիզիկա, Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն, Ինֆորմատիկա եւ Աշխարհագրություն առարկաների միջազգային օլիմպիադաներին. ընդհանուր առմամբ նշված առարկաների օլիմպիադաներին մասնակցել են 25 աշակերտներ, որոնքր նվաճել են 15 մեդալ, այդ թվում 1 ոսկե, 3 արծաթե եւ 11 բրոնզե: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԳՆ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, որտեղ ամփոփվել են միջազգային օլիմպիադաների կազմակերպման գործընթացն ու Հայաստանի թիմի արդյունքները:

Մեդալների ընդհանուր հաշվարկով Հայաստանի դպրոցականների թիմերի նվաճումն  ավելին է, քան հարեւան երկրների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի օլիմպիական մեդալները  միասին  վերցրած:

«Մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցած մեր 6 աշակերտներից 5-ը նվաճել են մեդալներ, ֆիզիկայի օլիմպիադայի 5 մասնակիցներից 4-ն են նվաճել մեդալներ, Ինֆորմատիկայի 4 մասնակիցներից` 2-ը, Կենսաբանության 4 մասնակիցներից` 3-ը, Քիմիայի 4 մասնակիցներից 1-ը: Աշխարհագրության օլիմպիադայում ունեցել ենք 2 մասնակից, սակայն , մեդալ, ցավոք չունենք»,- տեղեկացրել է Հ. Նավասարդյանը եւ հավելել. «Առջեւում հոկտեմբերին կայանալիք Աստղագիտության օլիմպիադան է, որին մեր թիմը ներկայանալու է 5 մասնակիցներով: Աստղագիտությունից մեր սպասելիքները մեծ են, որովհետեւ մասնակիցները նախկինում մեդալներ նվաճած աշակերտներ են»:

Բանախոսի տեղեկացմամբ միջազգային օլիմպիադաների ընթացակարգերով յուրաքանչյուր երկրի իրավունք է տրվում ներկայանալ որոշակի թվով մասնակիցներով: Հայաստանի թիմերը բացառությամբ «Աշխարհագրություն» առարկայի,հանդես են եկել արդյունավետ. «Աշխարհագրության  դեպքում մեր աշակերտները անգլերեն լեզվի իմացության եւ հաղորդակցության խնդիր ունեն, որը պայմանավորված է նաեւ այս առարկայի քննական ընթացակարգով: Եթե մյուս առարկաների դեպքում թիմերի ղեկավարները հնարավորություն են ունենում թարգմանված տարբերակները հնարավորինս արագ տրամադրել աշակերտներին, ապա աշխարհագրության պարագայում դա տեխնիկապես հնարավոր չէ: Աշխարհագրության օլիմպիադան բաղկացած է երեք փուլերից, որոնցից մեկը՝ դաշտային փուլը, անցկացվում է դրսում: Այդ փուլին ներկա են գտնվում միայն աշակերտներն ու ժյուրիի անդամները, ղեկավարների մուտքն արգելվում, իսկ հաղորդակցության լեզուն անգլերենն է: Տերմինաբանությունը հասկանալու իմաստով մեր մասնակիցներն ունենում են խնդիր: Մեր թիմն ընդամենը երկրորդ տարին է, ինչ մասնակցում է աշխարհագրության օլիմպիադային եւ կարծում եմ հետագայում կկարողանանք այստեղ եւս հաջողություն արձանագրել»,- նշել է Հ. Նավասարդյանը:

Ֆիզիկայի միջազգային առարկայական օլիմպիադայի թիմի ղեկավար Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ Ֆիզիկայի միջազգային առարկայական օլիմպիադայի բոլոր մասնակիցներն առնվազն երկու տարի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում հաճախել են օլիմպիական պարապմունքների, որն էլ նկատելի արդյունք է ապահովում հատկապես փորձարարական փուլում հաջող հանդես գալու համար."Նախկինում մենք սարքավորումների պակաս ունեինք, սակայն վերջին երկու տարիներին այդ խնդիրը լուծվել է եւ մենք փորձերը նախապես անում ենք",- իր խոսքում նշել է Գ. Գրիգորյանը եւ հավելել, որ միջազգային օլիմպիադայի ծրագիրն էականորեն տարբերվում է ֆիզիկայի դպրոցական ծրագրի բովանդակությունից. "Օլիմպիադայում կան խնդիրներ, որոնք ֆիզիկայի հանրակրթական դպրոցական ծրագրում ընդհանրապես չեն ուսուցանվում": Ֆիզիկայի օլիմպիադայի այս տարվա ոսկե մեդալակիր Էդգար Վարդանյանը, պատմելով իր հաջողությունենրի մասին, նշել է, որ ինքը միջազգային օլիմպիադաներում Ֆիզիկայից եւ Աստղագիտությունից 9 մեդալ է նվաճել եւ համոզված է, որ առանց օլիմպիական խմբակների հաճախելու դժվար է արդյունքներ ապահովել: Որպես միջազգային օլիմպիադաների մասնակցության նախնական քայլ կարեւոր է նաեւ Ալմա-Աթի քաղաքում կազմակերպվող Ժաուտիկովյան օլիմպիադաների մասնակցությունը, որը նախ փորձ, ապա նաեւ ինքնավստահություն է տալիս. "Միջազգային օլիմպիադայի պատնեշն, իհարկե, դժվարություն է, բայց անհաղթահարելի չէ, կարծում եմ՝ լավ պարապելու դեպքում կարելի է հասնել արդյունքի",- նշել է Էդգար Վարդանյանը, ով այս տարի արդեն ընդունվել է բուհ եւ կդառնա ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող: Ասուլիսի մյուս մասնակիցի՝ մաթեմատիկայի օլիմիադայի բրոնզե մեդալակաիր Սերգեյ Ներսիսյանի խոսքով՝ ինքը դեռ ապագա մասնագիտության հարցում հստակ չի կողմնորոշվել, բայց գիտի, որ շարունակելու է մաթեմատիկայի ուղղությամբ. "Ինձ մի միավոր խանգարեց՝ կարող էի արծաթ նվաճել",- պատմել է Ս. Ներսիսյանը: Անդրադառնալով խնդիրներին՝ Հ. Նավասարդյանը նշել է, որ կառավարության կողմից միջազգային օլիմպիադաների հաղթողներին տարկետման իրավունք տրվում է միայն ՀՀ պետական բուհերում, մինչդեռ ճիշտ կլինի, եթե մեդալակիրներն այդ իրավունքից օգտվեն՝ անկախ ուսումնառության երկրից՝ իրենց ընտրությամբ եւ ցանկությամբ:

Տպել
Ամենաշատ