Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 25-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց մեկ ամսով, քանի որ Գեւորգ Սաֆարյանին դատարան չէին ներկայացրել:
Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում դժվարացավ բացատրել նրան դատարան չբերելու պատճառը:
«Երբ հուլիսի 18-ին նիստ էր նշանակված եւ Գեւորգ Սաֆարյանին չէին ներկայացրել, ՔԿՀ-ն անզգույշ եղավ ու պատասխանեց, որ դատավորը չի պահանջել: Մի նիստ էլ նշանակված էր մոտ 25-ին, դատավորը եկավ ու հրապարակային ասաց, որ նպատակահարմար չի, որ Գեւորգ Սաֆարյանը բերվի դատարան: ՔԿՀ-ից ճշտեցինք, որ անվտանգության նկատառումներից ելներով չի բերվել: Հավանաբար մտածել են՝ կարող է հանրահավաք լինի, դա օգտագործվի իրենց համախոհների կողմից»,- նշեց Տիգրան Հայրապետյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ իրավիճակը շարունակվում է:
Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:
Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: