News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի Տաթեւ գյուղի բնակչուհի 54-ամյա Դոնարա Բադալյանն արդեն 4-րդ տարին է` Տաթեւի վանական համալիրի հարեւանությամբ հացի խնդիրը լուծելու համար առեւտրով է զբաղվում. վաճառում է իր ձեռքով հավաքած, չորացրած ու մշակած տարբեր տեսակի թեյախոտեր, տնական գաթա, փախլավա, մուրաբա, մեղր, թթու, օղի: Տիկին Դոնարան նշում է` ծանր սոցիալական պայմաններից ելնելով է ստիպված իր հիվանդ ամուսնուն մենակ տանը թողնում եւ ինչ- որ բան վաճառելու ակնկալիքով գալիս վանքի տարածք: 54 տարեկան կնոջ օրն սկսվում է առավոտյան ժամը 5-ից. գնում է դաշտ խոտ հավաքելու, վերադառնալով տուն` ավարտում է տան գործերը, գաթա ու փախլավա թխում ու շտապում  իր աշխատավայր:

«Ես ամուսնուս հետ եմ ապրում, հաշմանդամության թոշակ է ստանում 30 հազար դրամ, որն ապրուստի համար շատ քիչ է: Ստիպված տնական մթերքներ ենք բերում վաճառում: Երկու երեխա ունեմ, որոնք Ռուսաստանում են ապրում, օգնում են մեզ, բայց ինչքան էլ օգնեն, պետք է մենք էլ գումար աշխատենք»,-ասում է նա:

Կնոջ խոսքով` առեւտուր անում են հիմնականում հայերը` տնական օղի, մեղր ու թեյախոտեր են գնում.«Հիմնականում մեր հայերն են առեւտուր անում, զբոսաշրջիկները, սփյուռքահայերը առեւտուր չեն անում, որովհետեւ ինչ էլ գնեն դժվար է իրենց համար երկրից դուրս հանել: Հրեա, ռուս ու լեհ զբոսաշրջիկներն են հիմնականում առեւտուր անում`կարողա մի կտոր փախլավա առնեն, որ համտեսեն, թե չէ մեղր, օղի, այլ բաներ չեն առնում»:

Տիկին Դոնարան վստահ է` գալու է մի օր, երբ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող երեխաները վերադառնալու են Հայաստան եւ ընտանիքով ապրելու են այն Հայաստանում, որտեղ սոցիալական պայմանները չեն ստիպելու հաշմանդամ ամուսնուն տանը մենակ թողնել եւ շտապել Տաթեւի վանական համալիր…

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ