News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կմշակվի փոքր դպրոցների զարգացման հայեցակարգ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Երեւանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա իր խոսքում անդրադարձել է կրթության համակարգի հիմնական խնդիրներին, ներկայացրել իրավական եւ ծրագրային վերջին փոփոխությունները, դրանցից բխող հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարվեն առաջիկայում: Ծրագրային փաստաթղթերից ԿԳ նախարարն առանձնացրել է վերջերս Կառավարության կողմից ընդունված կրթության որակավորման ազգային շրջանակը, կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազամավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս երկու փաստաթղթերին հաջորդելու է կրթակարգի ընդունումը, որով կամբողջանա հանրակրթության կարեւոր փաստաթղթերի եռյակը.

«Պետք է ընդհանուր քաղաքական ուղղվածության մեջ կարեւորենք առաջնահերթությունները՝ հստակեցնենք կրթության առաքելությունն ու նպատակը: Հանրակթության համակարգում վերջին տարիներին բավականաչափ փոխվել ու այսօր էլ շարունակվում են փոխվել կրթական չափորոշիչները: Այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված եւ ստեղծվել է մի վիճակ, երբ մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում: Այս իմաստով դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ամեն առարկայի թիկունքում կանգնած է այս կամ այն հզոր ուժը՝ միջազգային կառույցներ, պետություն, եկեղեցի: Բայց մենք պետք է հասկանանք, որ չափորոշիչների հանրագումարը չի կարող  գերազանցել աշակերտի շաբաթական թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալը: Մեզ մոտ բոլոր տեսակի նոր առարկաների ներմուծումը, ինչպես ցույց է տալիս փորձը, կատարվել է բնագիտական առարկաների հաշվին: Այդ իմաստով մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջեւ. պիտի հասկանանք, ապագայում մեր երկրի գերակա խնդիրների լուծման համար որ ուղղություններն են առաջնային: Մենք պիտի՞ կարողանանք մեր ատոմակայանը պահպանել ու զարգացնել, պիտի՞ կարողանանք զենքի արտադրություն կազմակերպել: Մենք պարտավոր ենք զարգացնել բնական գիտությունենրի ուղղությունը՝ սկսած կրտսեր դպրոցից, եւ դրա ծավալը պետք է լինի անձեռնմխելի ու այն արձանագրվի պետական կրթակարգում: Մենք պետք է ամրագրենք նաեւ հումանիտար եւ հայագիտական առարկաների պարտադիր ծավալը»,-իր խոսքում ընդգծել է նախարարը: Ոլորտի հիմնական խնդիրներից նախարարն առանձնացրել է նաեւ փոքր դպրոցների զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակումը: Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության 1390 դպրոցների 70 տոկոսը՝ ավելի քան 900 դպրոց ունի մինչեւ 300 աշակերտ. մասնավորապես 427 դպրոց ունի մինչեւ 100 աշակերտ, 527 դպրոց ունի 101-300 աշակերտ: «Շատ մեծ խնդիր է փոքր թվաքանակ ունեցող դպրոցների հարցը, քանի որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ կրթության ձեւաչափը կրթության որակի վրա ազդում է: Պետք է հասկանանք, թե այդտեղ ինչ պետք է անենք: Ըստ էության` խնդրի լուծումը դեռ չունենք: Մեր դպրոցների զգալի հատվածը 300-ից քիչ աշակերտ ունի, եւ այդ երեխաները մեղավոր չեն, որ, ասենք, 3000 մ բարձրության վրա են ապրում: Մեխանիկական լուծում չենք կարող առաջարկել, այսինքն` փակել դպրոցը եւ բոլորին ավտոբուսով տեղափոխել մեկ այլ դպրոց: Մենք պարտավոր ենք նոր մեթոդներ մշակել, եւ հիմա համաշխարհային փորձն ենք ուսումնասիրում, քանի որ Կանադայում, ՌԴ-ի հյուսիսային շրջաններում նույնպես կան նման դպրոցներ եւ մենք պարտավոր ենք անել ամեն ինչ այդ կարգի դպրոցներում եւս բավարար կրթության որակ ապահովել»,- նշել է նախարարը:

Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներին, որպես օրինակ նշել է Մոսկվայում վերջին շրջանում կատարված դպրոցների միավորման գործնթացը.  «4000 դպրոցների միավորման արդյունքում ստեղծվել է 700 դպրոց, սակայն որեւէ դպրոց չի փակվել, ոչ մի ուսուցիչ չի կրճատվել, ընդամենը կենտրոնացվել է կառավարման համակարգը եւ ստեղծվել է ցանցային դպրոցի մոդել: Մենք պետք է քննարկենք եւ լուծումներ գտնենք նաեւ մեր դպրոցների համար»,- նշել է նախարար Լեւոն Մկրտչյանը:

Տնօրեններից առաջարկ է եղել օտար երկրներից վերադառնալու դեպքում կրթությունը նույն աստիճանում եւ համարժեք դասարանում շարունակելու հնարավորություն տալ՝ վերանայելով գործող կարգը: ԿԳ նախարարը՝ ի պատասխան բարձրացված հարցի նշել է, որ այստեղ իրականում կա խնդիր՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում սոցիալական գործոններով պայմանավորված կա ոչ միայն արտագաղթ, այլ նաեւ ներգաղթ. «Շատ դեպքերում, օրինակ ծնողները խուսափում են իրենց երեխաներին Ռուսաստանից տեղափոխել Հայաստան, քանի որ նրանք այստեղ տարի են կորցնում: Ես կարծում եմ, որ պետք է մտածենք մեր դպրոցներում օտար լեզվի բաղադրիչով կրթությունն ուժեղացնելու մասին, որպեսզի հնարավորինս շատ հայ երեխաների ներգրավենք հայաստանյան դպրոցներում»,- նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետի կողմից մայրաքաղաքի տնօրեններին տրվել են ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք կազմակերպչական հանձնարարականներ: ԿԳ նախարարն ու Երեւանի քաղաքապետը պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:

Տպել
Ամենաշատ