News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել։ Այդ մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ օգոստոսի 30-ին Վարշավայում մեկնարկած՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովի շրջանակներում հանդիպելով  Լեհաստանի Հանրապետության Սեյմի փոխնախագահ Ռիշարդ Տերլեցկու հետ: Հանդիպմանը Հերմինե Նաղդալյանին ուղեկցում էին Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան էդգար Ղազարյանը,  ԵԽԽՎ-ում Լեհաստանի պատվիրակության ղեկավար Վլոդիմիր Բերնացկին  եւ այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով իր հայ գործընկերոջը սեփական հարկի տակ՝ Սեյմի փոխնախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա միջպետական հարաբերությունները, որոնք առանձնանում են բովանդակային խորություն ունեցող օրակարգով: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է մի շարք բարձրաստիճան փոխայցելություններ, այդ թվում նաեւ երկու երկրների նախագահների մակարդակով:

Որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ, երկու բարձրաստիճան խորհրդարանականների կողմից ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցության դերը, որի զարգացման գործում  էական է պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  իր հերթին մեծապես կարեւորել է հայ-լեհական համագործակցությունը ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ բազմակողմ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակն ընդգծել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ կառուցողական փոխգործակցության զարգացման կարեւորությունը: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում Լեհաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է: Լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է հետեւողականորեն ընդլայնել գործընկերության օրակարգը Եվրոպական Միության հետ: 

Ողջունելով եվրոպական քննարկումների այս ձեւաչափը, Հերմինե Նաղդալյանը հույս է հայտնել, որ այն կծառայի եվրոպական բազմաթիվ ժամանակակից մարտահրավերների լուծման ուղիներ գտնելուն, իսկ մարտահրավերները հայտնի են` երկակի ստանդարտներ, անարդարություն, միգրացիա, տեռորիզմ եւ այլն:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հիմնախնդիրներից մեկին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հերմինե Նաղդալյանը իր լեհ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների  եւ դրա արդյունքում բազմաթիվ մարդկային զոհերի վրա, այդ թվում նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում:

«Նման պայմաններում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը չի կարող կասկածի տակ առնվել, քանի որ խոսքը գնում է ժողովրդի ֆիզիկական գոյության մասին», - իր խոսքում ընդգծել է Հերմինե Նաղդալյանը՝շեշտելով, որ Հայաստանը թեեւ դրական է գնահատում միջազգային հանրության կողմից հրադադարի խախտումների դատապարտումը, բայցեւայնպես, ընդհանրական ու անհասցե դատապարտումը բավարար չէ զսպելու համար լայնածավալ ռազմական առճակատման պատասխանատու կողմին:

Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Արցախի ժողովուրդը արդեն 25 տարի կառուցել է իր պետությունը, որը ժողովրդավարության բոլոր չափանիշներով բազմիցս գերազանցում է Ադրբեջանին, եւ արցախցին այսօր ձգտում է միայն մեկ բանի ` իր բնօրրանում ապահովել իր խաղաղ կյանքն ու բնականոն զարգացումը:

ԱԺ փոխնախագահը ընդգծել է, որ Ադրբեջանի նկրտումները Արցախի նկատմամբ բացահայտ ագրեսորի ձեռագիր են ներկայացնում, այդ թվում` բանակցությունների ողջ գործընթացում կառուցողական, հումանիստական բոլոր առաջարկների տորպեդահարումը եւ արգելափակումը դրա վառ ապացույցն են: 

Հանդիպման ավարտին Հերմինե Նաղդալյանը իր երախտագիտությունն է հայտնել լեհ գործընկերոջը՝ ջերմ ընդունելության եւ հանդիպման համար:

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն եւ ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական համաժողովը իր աշխատանքները կշարունակի նաեւ վաղը` օգոստոսի 31-ին: Հավելենք, որ Համաժողովին մասնակցում են ավելի քան տասը երկրների, այդ թվում` Վրաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Բոսնիա-Հերցոգովինայի, Մոնտենեգրոյի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ, փոխնախագահներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ