News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավագ դպրոցների կայացման ճանապարհը գերազանցության կենտրոններ դառնալն է: Այս մասին ԿԳՆ-ում ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ ավագ դպրոցներում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պատկերացնել՝ առանց դպրոցից դեպի բուհ անցման ձեւաչափի:

«Մենք այսօր հանրապետությունում ունենք հանրակրթության երրորդ աստիճանն ապահովող մի քանի ձեւեր՝ առանձնացված ավագ եւ միջնակարգ դպրոցներ, վարժարաններ, ՄԿՈՒ համակարգի հաստատություններ՝ քոլեջներ եւ ուսումնարաններ: Ավագ դպրոցները կայացման մի ճանապարհ ունեն՝ այս ընդհանուրի մեջ դառնալ գերազանացության կենտրոններ՝ դաշտում աշխատող մնացած հաստատությունների մեջ դառնալով առաջատար եւ նրանց տանելով իրենց հետեւից: Ես հասկանում եմ, որ շատ դպրոցներ ունեն շենքային պայմանների չլուծված խնդիր, բայց միեւնույնն է դա չի կարող հիմնավորում լինել»,- նշել է Լեւոն Մկրտչյանն ու հավելել, որ այս տարվանից ուսումնական պլանում արդեն կատարվել են փոփոխություններ եւ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում ուսումնական ծրագիրը բեռնաթափվել է:

Նախարարի խոսքով՝ հետագայում կարող է 12-րդ դասարանն ամբողջությամբ բեռնաթափվել: Դրան հաջորդող հերթական քայլը լինելու է ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդնումը, որն էլ հնարավորություն է տալու, հավաքած կրեդիտների հաշվին, բակալավրի կրթությունը ստանալ 3 տարվա ընթացքում:

Նախարարը նշել է, որ ավագ դպրոցներն աշխարհում ունեն մի քանի մոդել. օրինակ՝ անգլոսաքսոնական երկրներում անցումը հանրակրթությունից դեպի բուհ կատարվում է միջազգային բակալավրիատի համակարգի մոդելով, որը Հայաստանի մի քանի դպրոցում եւս տեղակայված է, երկրորդն անգլիական A Level ծրագիրն է, որը ենթադրում է Ա մակարդակի կրեդիտների կուտակմամբ ավագ դպրոցից անցում կատարել բուհ: Երրորդն ամերիկյան մոդելն է, որը ներդրվել է նաեւ Հայաստանի ավագ դպրոցների ստեղծման հիմքում եւ  ենթադրում է ձեւավորել անկախ մարմին: Հայաստանի պարագայում դա ԳԹԿ-ն է, որն իրականացնում է գիտելիքների ստուգում՝ կենտրոնացված քննությունների միջոցով:

«Անկախ մոդելի ընտրությունից ավագ դպրոցի դերը շատ մեծ է. ավագ դպրոցը պետք է կարողանա դառնալ նախամասնագիտական կողմնորոշման վայր: Մեզ ի սկզբանե չհաջողվեց ստեղծել ուժեղ ավագ դպրոցներ եւ մենք զուգահեռաբար հատկապես գյուղական վայրերում պահպանեցինք նաեւ միջնակարգ դպրոցները: Դա բնավ չի նշանակում, թե ավագ դպրոցում ընդգրկված երեխան պետք է ավելի լայն հնարավորություններ ունենա, քան հեռավոր գյուղում ապրող երեխան: Հանրակրթության հիմնական խնդիրը հավասար հանրամատչելիության ապահովումն է: Միաժամանակ նաեւ պարզ է, որ տարբեր պայմաններում գտնվող դպրոցների հանդեպ մենք, իբրեւ պետություն եւ կրթության քաղաքականության հիմնական պատասխանատու, չենք կարող նույն պահանջները դնել: Չի կարող 100 աշակերտ ունեցող դպրոցը դիտարկվել 1000 աշակերտ ունեցող դպրոցի հետ՝ նույն հարթության վրա: Մենք այսօր կանգնած ենք դպրոցների անձնագրավորման անհրաժեշտության առջեւ: Մեր բոլոր դպրոցները պետք է ունենան իրենց անձնագրերը, որտեղ կամրագրվեն տվյալ դպրոցի կարիքները, խնդիրներն ու նպատակը: Անձնագրում նաեւ պետք է տարանջատվի ավագ դպրոցի եւ միջնակարգ դպրոցի գործառույթները, որպեսզի կարողանանք զարգացում ապահովել»,-իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ վերոնշյալն ապագայի խնդիր է, իսկ այս ուսումնական տարվանից ավագ դպրոցներին տրված է հնարավորություն ապացուցելու կրթության մրցունակությունը:

Տպել
Ամենաշատ